Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցիին և անոր կալվածներուն պաշտպան կկանգնեին: Հրդեհի կամ այլ աղետի ժամանակ, գիշեր ըլլար թե ցորեկ, կվազեին օգնության։ Իրենցմե շատերը արվարձաններու մեջ թուլումբաճի եղած էին և թեև այժմ Բերայի մեջ այդ ասպարեզեն քաշված էին, բայց հարկ եղած ատեն ցույց կուտային — հակառակ իրենց տարիքին և հանգիստ կյանքի հետևանքով ստացած գիրության արագություն, ճարպիկություն և զարմանալի դյուրաշարժություն, որ կապշեցներ տեսնողները։

Անոնք եկեղեցի կմտնեին ոչ թե աղոթելու, այլ իրենց սիրած դպիրներու կամ մեկ դպիրի երգեցողությունը լսելու համար։ Մեծ պահքի յոթ շաբաթներուն ամեն օր կերթային զանազան թաղեր՝ եկեղեցիներու հատուկ օրերուն արևագալը լսելու համար: Կրոնական պատվերները կպահեին՝ ինչքան որ այդ հաճելի էր իրենց. օրինակի համար, ծնունդի պահքը առիթ կուտար իրենց Այվալըքի ազնիվ տեսակի ձիթայուղով տեսակ-տեսակ կերակուրներ և պահքի անուշեղեններ պատրաստել տալու, մասնավորապես անուշապուր և թոփիկ: Ծնունդի և զատկի նավակատիկը կտոնեին գերազնիվ ձկնեղենով և աստվածածնա տոնին կսպասեին՝ խաղողի պահքը խզելու համար օրհնված հասուն չավուշ խաղողով։ Անոնք բծախնդիր էին ամեն տեսակ ուտելիքի, բայց, մանավանդ, մսի տեսակներու համար։ Անոնց տունը չէր մտներ ո՛չ տավարի միս, ո՛չ խոզի և ո՛չ ալ ղարաման ոչխարի միս։ Անոնք կուտեին խըվըրճըխ և որոշ եղանակի՝ Ռումելիի գարնապատի խորովածը՝ թյունով համեմված։ Անոնք հետամուտ չէին դրսեն եկած բանջարեղեն կամ մրգեղեն գնելու և «չտեսներու» պես նախախայրիքներու ետևե չէին։ Անոնք ամեն եղանակին հատուկ սննդեղենով կգոհանային և կսպասեին, որ տեղական բերքը, «երլին», որ գերազանց կհամարեին, իր ժամանակին հասներ և լիուլի վայելեին, ինչպես՝ Եդի Կուլեի կանկառը, Բենտիկի խաղողը, Վլանկայի վարունգը և Ստամբուլի բանջարանոցներու մեջ հասած հազարը։

Անոնք կապրեին՝ առատ և լավ ուտելով, օրը-օրին, իրենց վաստակածեն առատ նվերներ կուտային դպրոցներուն և