Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղքատախնամին, բանտարկյալներուն և որևէ բարենպատակ հանգանակության կմասնակցեին առատաձեռնությամբ, եթե, մանավանդ, իրենց դիմողը վստահելի մարդ ըլլար։

Մեծ հարգ տալով ուսմունքի, անոնք լայնորեն կհոգային իրենց զավակներուն դպրոցական ծախքերը, բայց երբ տեսնեին, որ իրենց տղաքը և աղջիկները ավելի բարձր դասակարգի մարդոց ձևերը կկապկեին, ցուլերու պես կկատղեին, և երբեմն հոր և որդվոց մեջ հոմերական կռիվներ տեղի կունենային։ Անոնք դեմ էին ալաֆրանկային, մոդային հետևելուն, բրնձափոշիին և եվրոպական պարերուն։ Անոնց սիրած հեղինակները երգիծաբաններն էին՝ Սվաճյանը, որ «Մեղու» կկոչեին, բայց, մանավանդ, Պարոնյանը, որուն համար կըսեին թե՝ «մեր սիրտեն կխոսի»։ Անոնք երբեք չէին ենթարկվիր ազգի ջոջերու, բարձրաստիճան եկեղեցականներու հեղինակության, որոնց ամեն մեկի մասին սպառիչ անեկդոտներ կպատմեին։

Կրոնքի, մանավանդ կղերի դեմ խոր արհամարհանք ունեցող այդ մարդիկը, որ հեթանոսական կենսուրախությամբ լիուլի կապրեին՝ ուտելով և խմելով, որոնք բնության գեղեցկություններուն վերին աստիճանի զգայուն էին, մանավանդ ծովի տեսարաններուն, ընտանիքով կերթային որևէ զվարճավայր՝ ծառերու հովանիին տակ, աղբյուրի մը գլուխ, բայց, մանավանդ, ծովի առաջ քեֆ ընելու, որ ո՛չ աստված կճանչնային, ո՛չ սատանա, մարդկային և աստվածային օրենքներու միայն մեկի առաջ կխոնարհեին՝ ընտանեկան լուծին։ Անոնք կամուսնանային երիտասարդ տարիքի մեջ և իրենց օրինավոր կինը կհամարեին իրենց լավ կամ չար բախտը։ Նույնիսկ այրի մնալու պարագային հազվադեպ էր, որ կրկին ամուսնանային, և այդ կպատահեր արդեն միայն նոր սերունդին մեջ։ Իսկ աշխարհիս բոլոր մյուս կիները, տարեցները մարիկ էին, իսկ երիտասարդները՝ քուրիկ։ Անոնք կսիրահարվեին, երբեմն բուռն կերպով, բայց ամուսնանալե առաջ։ Իսկ եթե ամուսնական լուծը ընդունելե հետո այդպես բան պատահեր, այդ կհամարեին ծանր դժբախտություն, տեսակ մը ամոթալի ախտ, որը թաքուն կպահեին իրենց սրտին խորը։