Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վստահացեր էին իր վրա, որ նախընտրեր էին անցանկալի նորածինը դնել իր՝ աղքատ ձկնորսի հյուղակի սեմին վրա, քան թե հանձնել ուրիշ բարեկեցիկ ընտանիքներու։ Իր տունեն քանի մը քայլ անդին Էր Իշճի Մաղաքի երեք հարկանի տունը, որ սյուզենիի գործ կուտար Հեղինեին և որ կապրեր վյուկելայի պես։ Անոր զավակները կլողային առատության մեջ, մինչ իրենները կես-բապուճ, օր մը կուշտ, օր մը անոթի, փողոցները կչափեին, իրենց նման աղքատ երեխաներու և անտեր շուներու հետ։

Հավանաբար, իրականությունը չէր համապատասխաներ Սեղբոսի ենթադրություններուն։ Վարձկան սպասավոր մը կամ կաշառված դայակ մը երեխան զամբյուղի մեջ դնելե հետո տարած էր մորը բնակած թաղեն հեռու, պարիսպներեն դուրս և խանձարուրը դրած էր պարզապես առաջին պատահած սեմին վրա։

Սոֆիցան մեծցեր էր վայելելով մայրական խնամք, ընտաեկան հոգածություն։ Որդեգրող ծնողքը ավելի քնքշությամբ կվարվեին իրեն հետ, քան իրենց հարազատ զավակներուն հետ։ Անոր խորթ եղբայրը՝ Պետրոս և քույրերը ոչ մեկ պարագայի չէին զգացուցեր իրեն, որ ինքը օտար է ընտանիքին մեջ։ Ընդհակառակը, երբ իրենք իրարու հետ կծեծկվեին դևերու նման, կխնայեին Սոֆյային, իսկ երբ միրգ կամ շաքարեղեն բաժնեին, նախ անոր կուտային։ Զատկի տոնին, երբ Հեղինեն տպածո գույնզգույն հագուստներ կշիներ աղջիկներուն, Սոֆյային համար ալ կպատրաստեր անոր նախասիրած գույնով զգեստ։ Միասին կերթային դպրոց, եկեղեցի, միասին կերթային զբոսատեղերը։ Իսկ տանը մեջ թեթև աշխատանքները կհանձնեին Սոֆյային, մինչ մյուս աղջիկները լվացք կընեին, գետինը կսրբեին, հորեն ջուր կքաշեին, երբ, մանավանդ, Հեղինեն գործ կունենար հասցնելիք Իշճի Մաղաքին։ Բայց Սոֆիցա տխուր էր, և անիկա ոչ մեկ բանով չէր հետաքրքրվեր։ Ինքզինքը կզգար տարբեր, և աննպատակ ձգտումներ կմեկուսացնեին այդ աղջիկը քույրերուն աղմկալի և բուռն խաղերեն։

Դպրոց են հաճախ կբացակայեր իր փափուկ առողջության պատճառով։ Տասներկու տարեկանին հանեցին Սոֆյան