Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցնի, որովհետև, ինչպես ինքը կըսեր՝ Սեղբոսը այդ խնդրին վրա շատախոս դարձեր էր և հարյուր անգամ պատմած էր այդ գիշերվան դեպքերը գինետուներու մեջ, հարևաններուն և նույնիսկ կնոջը և զավակներուն. առաջին րոպեին սիրտը սիրեր էր երեխան ու անմիջապես մտածեր էր. «Սեղբոս, սեպե թե վերջին ծնածը եկվորյակ էր»․․․ ու աստուծո միջամտությանը ակնարկելով, կուզեր կնոջը սիրտը շահիլ։

Բայց Հեղինեն անգամ մըն ալ գլուխը շարժեց մերժողաբար.

— Ո՞վ գիտե որ անպետքին չոճուխն է, հարամ արյուն չեմ ուզեր տանս մեջ, ես ալ աղջիկ զավակներ ունիմ։

Բայց ճիշտ այդ միջոցին ընկեցիկ երեխան, որ բազմոցին վրա դրեր էին և ծածկեր էին բուրդ շալով, սկսավ մեղմորեն ճչալ։ Այր ու կին վազեցին մոտը։

Հեղինեն կդիեցներ իր վերջին երեխան, որ չորս ամսու էր։ Բացավ իր կաթով ուռած կուրծքը և նորածինը գրկելով, անոր բերանը մոտեցուց աջ ծծի պտուկին․․․

Սոֆյան իր փոքր հասակեն լսեր էր իր ծննդյան պարագաները։

Սեղբոսը կսիրեր պատմել այդ պատմությունը, որովհետև դեկտեմբերի այդ ցուրտ գիշերվան պատահածին մեջ շունին կատարած դերը խորապես զարմացուցեր էր զինքը։ Տեսակ մը խորհրդավոր բան կվերագրեր այդ բոլորին, բայց երբ կուզեր թափանցել այդ խորհուրդին, թանձր թմրություն մը կգրավեր իր միտքը, և ան ուրիշ բան չէր գտներ ըսելիք, բայց միայն կրկնել այն հիշատակելի օրվան արձակած բացականչությունը.

— Աճայի՜պ․․․ աճայի՜պ․․․

Սեղբոսը կսիրեր Սոֆիցան խոր և տարբեր սիրով մը, շատ ավելի, քան իր հարազատ աղջիկները, բայց այդ բանը չէր խոստովաներ երբեք։ Ճիշտ ըսելով, այդ շատ սովորական դեպքին մեջ Սեղբոսը, հասարակ ձկնորս, կյանքին մեջ առաջին անգամ գտեր էր իր միշտ ոտնակոխված արժանապատվության զգացումին հագուրդը։ Այդ կնշանակեր, իր մտերիմ կարծիքով, որ մարդիկ գտնվեր էին, որ