պես բարերարի հետ։ Անիկա կանչեց իր քույրը՝ Սաֆիեն, որուն աչքերը փայլատակեցին՝ եղբորը ընկերներուն բերած մրգերը և քաղցրեղենները տեսնելով, և պատվիրեց անոր, Ցորկին ցույց տալով, որ Էֆենդիին ձեռքը համբուրե։ Բայց Յորկին՝ մինչև իր մազերուն արմատները կարմրելով, կատաղորեն մերժեց ձեռքը տալ։ Անոր սիրտր կբաբախեր, և վայրագ նայվածքներ կարձակեր իր շուրջը։ Բայց երբ Ռահմին ըսավ, թե Յորկին իրենց դպրոցը կուգար, իրենց ընկերն Էր, տեսակ մը մտերմություն հաստատվեցավ, և Յորկին խռովահույզ սրտով, բայց առերևույթ հանդարտությամբ հետևեցավ Ռահմիի և Նահատի խոսակցության։
Հետո Նահատը բացատրեց Յորկիին, թե ինչպես ամառվան
այն տաք օրը, երբ ինքը կդողար տենդե, պատկերները
տարեր Էր ծախելու առանց որևէ հույսի։ Ընդհանրապես,
մարդ չէր ուզեր պատկեր գնել, և եթե պատահեր, որ գնող
ըլլար, կնախընտրեին լիթոգրաֆիաները կամ լիթոգրաֆիաներու
նմանող յուղանկարները, որ իտալացի կամ տեղացի
նկարիչներ կցուցադրեին։ Կար նաև հայ մը, որ սերիաներով
ծովանկարներ կշիներ և բավական կծախեր։ Իսկ իր պատկերները
չէին կրնար հրապուրել անցորդները, որ մեծ մասով
շուկացիներ էին։ Անոնք, եթե նույնիսկ մոտենային, քիթերնին
կդպցնեին պատկերին, նույնիսկ ակնոց կդնեին,
մանրամասն կզննեին և արհամարհանքով կհեռանային։ Իսկ
այդ օրը, ահա, Յորկիին հայրը կանգ առեր էր, գնահատեր
էր իր նկարը և գներ էր։
-Այդ մեկ ոսկին, եղբայր,— ըսավ նահատը՝ Յորկիին
դառնալով,— ինձ մահվանե փրկեց։
Անիկա բացատրեց, որ թոքերու բորբոքում ունեցեր էր,
իսկ հիմակ բժշկված էր, բայց դեռ շատ տկար էր։
-Նորեն արյուն կա՞ թուքիդ մեջ,— հարցուց Ռահմին։
-Քիչ,- պատասխանեց Նահատը և պահ մը լռութենե
հետո ավելցուց,— մեյ մը ոտքի ելլեմ, ուրիշ բան չեմ ուզեր։
Երբ պիտի մեկնեին, Նահատը իր խոնավ և տաք ձեռքերուն
մեջ բռնեց Յորկիին ձեռքը, ուժեղ սեղմեց և ըսավ.
-Դուն իմ ազիզ ընկերս ես, իմ հարազատ եղբայրս.