Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կյանքի մեջ և մահվան առաջ մենք կըլլանք անբաժան:


Ռահմին և Յորկին դուրս եկած Էին այդ թշվառության փողոցներեն, երբ Ռահմին պատմեց, թե ինչպես Նահատի հայրը սպանվեր Էր արաբներու ապստամբությունը զսպող արշավախումբին մեջ։ Մայրը հազար անգամ սերասքերի դռները երթալով, տարվան մեջ հազիվ թե երեք կամ չորս անգամ կգանձեր իր աննշան թոշակը. անիկա աղուն դեմ բարկացած Էր, որ փոխանակ ամսականավոր պաշտոնի մը հետամուտ ըլլալու, սերսերի պուդպերես դարձել Էր։ Նահատը խորապես կտառապեր այդ բոլորեն, նույնիսկ երբեմն իրավացի կգտներ իր մորը գանգատները, բայց ուրիշ կերպ չէր կրնար ընել։


—Նահատը կուզե արձանագործ ըլլալ,- եզրակացուց ան,— մարդս ուզե թե չուզե՝ իր ճակտին գիրը չփ կրնար սրբել։


Յորկին, որ զայրույթեն կփրփրար՝ հիշելով Նահատի կացությունը, հարցուց խոժոռելով.


—Ինչպե՞ս կթողուք, որ ձեր ընկերը այդ վիճակին մեջ ապրի։


—Միայն Նահատը չէ,— ըսավ Ռահմին,— անոր պես շատերը կան մեր ընկերներուն մեջ։ Հարուստի կամ բարեկեցիկ մարդու տղան չի գար մեր դպրոցը նկարչություն կամ արձանագործություն սորվելու։ Ճարտարապետության բաժինը ուրիշ, այնտեղ՝ նույնիսկ բեյզադեներ, իսկ մենք ալ,— շարունակեց Ռահմին,— աղքատ չենք Նահատի աստիճան, բայց ծայրը֊ծայրին հազիվ կրնանք հասցնել։


Երկու ընկերները պահ մը լուռ քալեցին։


—Շատ մեծ է ու տարածուն թշվառությունը թուրքերու մեջ,— ըսավ Ռահմին խոր թախիծով,— մենք տեր֊տիրական չունինք, մենք անոթի սատկինք, մեկը մեզի կարեկից չըլլար…


—Աղքատախնամ կամ ատոր նման բաներ չունի՜ք,— հարցուց Յորկին քաշվելով։


—Բան մըն ալ չունինք, ոչ իսկ կարգին հիվանդանոց մը… մենք բանտեր ունինք, զորանոցներ ունինք… Մենք,– գոչեց Ռահմին՝ հետզհետե բորբոքվելով,- մենք, չքավոր