—Ի՞նչ միամիտներ եք, հապա ի՞նչ է Ռումելիի մեջ պատահածները,— ըսավ ուսանողը և գնաց իր կավի կույտին առաջ աշխատելու…
Նույն օրը Նահատը առանձին խոսեցավ Յորկիին։
—Պատերազմը անխուսափելի է,— ըսավ ան,— և բալկանյան
ազգերու դաշնակցության մեջ կմտնե Հունաստանը։
Ճիշտ Է, մեր երկրի հույները որևէ կերպով պատասխանատու
չեն Հունաստանի կառավարության արարքներուն, բայց,
գիտե՞ս, այստեղ… ամեն ինչ կարող է պատահիր: Առհասարակ
զգույշ եղիր. ես քեզի օրը֊օրին տեղյակ կպահեմ, և
եթե հարկ ըլլա, մի մոռնար, որ ես քու մեծ եղբայրդ եմ։
Ցույցի նախորդ օրը Նահատը զգուշացուց թե՛ Յորկին և
թե՚ Տիրանը և խնդրեց անոնցմե, որ մյուս հայ և հույն ուսանողներուն պատվիրեն, որ դուրս չգան իրենց տուներեն։
—Ի՞նչ կա, Նահա՛տ,— հարցուց Տիրանը։
—Ցույց պիտի ըլլա,— ըսավ ան։
—Հարցնելս ամոթ չըլլա,— ըսավ Տիրանը,— դուն
ո՞ւրկե կիմանաս այդ լուրերը։
Նահատը շիկնեցավ, պահ մը վարանեցավ և հետո ըսավ.
—Եղբայրներ, ես ձեզմե ծածկելիք բան չունիմ… Խումբ
մը կազմած ենք, մեր ղեկավարը բժիշկ մըն Է… մեր խումբին
մեջ կան ամեն ազգե աշխատավորներ, բեռնակիրներ,
բժիշկներ, հիվանդապահներ, ուսուցիչներ…եթե կփափագիք,
ձեզ ալ կտանիմ, բայց այս բոլորը գաղտնի Է, վերին
աստիճանի գաղտնի…
—Ես կուգամ,— ըսավ Տիրանը։
- Քու մասիդ խոսեր եմ արդեն մեր բժիշկին,— ըսավ
Նահատը,— ըսեր եմ, թե ինչպես մեր խելքը բացիր շատ
մը խնդիրներով, վրա. ան ալ հետաքրքիր Է քեզ տեսնելու։ —
Նահատը հանկարծ ոգևորվեցավ.— ա՜հ, եղբայր,– ըսավ
ան,– այդ մարդը լսելես ի վեր իմ թշվառությունս ուրիշ
բանի փոխվեցավ, ես, կարծես, ուրիշ մարդ եղա… Այս ձմեռ
Էր, անիկա Էր, որ ինձ կխնամեր. անգամ մը անկողնիս քով,
գետինը նստած խոսեցավ ինձի, և իմ կույր աչքերս բացվեցան։
—Ես ալ կուգամ,— ըսավ Յորկին։