Յորկին հազիվ կզսպեր իր անհամբերությունը մորը ահհիմն և դողդղացող մտահոգություններուն հանդեպ։ Անիկա առույգ էր և առողջ և բնավ պետք չուներ այդ հիվանդագին հոգածության և կսրտնեղեր, որ մայրը իրեն հետ կվարվեր ինչպես փափուկ երեխայի հետ։
Բայց առավոտները, անձնատուր քունի հեշտանքին, Յորկին
զինաթափ էր և կհանձնվեր մորը խնամքին։ Մայրը կպատրաստեր
կաթով սուրճը, հացը կկարմրցներ ունելիին
վրա և ուշադիր կհետևեր, որ անիկա ուտե կարագը և պանիրը։
—Յորկի՛, Յորկի՛,— կանչեց կրկին Սոֆյան և նախաճաշի
սեղանը պատրաստեց։
Յորկին մեկ շարժումով ելավ նստեցավ անկողնին մեջ և
բռունցքներով աչքերը շփեց։ Հետո ելավ ոտքի և խոհանոց
գնաց՝ պաղ ջուրով լվացվելու։
Երբ քիչ հետո Յորկին իր սուրճը կխմեր, հայրը ըսավ
որդուն.
-Դուրսը մառախուղ է, աչք– աչքի չերևար կոր, սպասե
քիչ մը օդը բացվի, հետո գնա։
—Չի կարելի, հայրիկ,— ըսավ Յորկին,— արդեն ուշ
մնացեր եմ։
—Կամուրջը կբանան, չես կրնար անցնիր:
—Հայրի՛կ,— ըսավ Յորկին,— ընկերներուս պիտի
հանդիպիմ, Ղալաթիա։
Ի՜նչ ընկերներ են, պիտի հարցներ Վասիլը, բայց վարանեցավ.
հայր ու որդի պահ մը իրարու նայեցան լուռ, բայց
հանկարծ Վասիլը երեսը դարձուց պատին, խոր հառաչեց և
աչքերը փակեց։
Երբ Յորկին դուռը բացավ, մառախուղը պատի պես գտավ
իր առաջ։ Քանի մը քայլ անդին անտեսանելի մարդիկ
կհազային խռպոտ և հևքոտ ձայներով։ Կրկին լսվեցավ Վոսփորի
շոգենավերու երկարաձիգ և թավ սույլը, երբ Յորկին
անհետացավ մառախուղին մեջ, ինչպես ամպի մը ետև։
Սոֆյան իր վտիտ ձեռքերը տարավ ականջներուն և մնաց
քարացած։ Անոր շրթները կդողդոջեին։ Ա՜խ, ինչո՜ւ թողուց,
որ իր զավակը անհետանար այդ մառախուղին մեջ…