Ա՜հ, ինչպես պիտի ուղեր իր Յորկին սեղմել կուրծքին վրա, երեսը դնել երեսին և այդպես մնալ ժամերով, ինչպես կներ, երբ ան դեռ երեխա էր։
Ժամ մը հետո Բարպան եկավ Վասիլին այցելության և
հայտնեց, որ պատերազմը հայտարարված է։ Առավոտյան
թերթերը, որ մառախուղի պատճառով ուշ մնացեր էին, կուտային մանրամասնություններ։ Երկու ընկերները լավ և
վատ գուշակություններ ըրին։
—Դուն ան նայե, որ հեղեղի պես արյուն պիտի թա֊
փի,— ըսավ Վասիլը։
Բարպան նախորդ օրը նորակոչներ տեսեր էր, որոնք
եկեր էին Անատոլուեն։
—Գյուղացիներ էին,— ըսավ ան,— խեղճ ու կրակ մարդիկ.
իրենց հողերեն խլեր բերեր են թնդանոթներու առաջ
ղրկելու համար։ Վրանին նայեցա՝ մեղքցա… Պոլիտիկոսները
բան մըն է կհնարեն, ատ խեղճ մարդոց գլուխը կայրի։
Անիկա պահ մը լուռ սիգարեթը ոլորեց և մեկ հոնքը
բարձրացուցած՝ ավելցուց.— անոնք ալ մորմե ծներ են։
Նույն օրը, կեսօրե ետքը, Զարեհ էֆենդին եկավ գործատեղին։
Անիկա սրճարանը մարդ ղրկեց Բարպան կանչելու
համար, և երբ ան եկավ, անմիջապես ըսավ.
—Խաչիկ, բոլոր բանվորներուն լուր տուր, վաղը առավոտ
իրենց գործին գլուխը գտնվին։ Շատ, շա՜տ գործ պիտի
ունենանք,- ըսավ ան, նիհար ձեռքերը իրար շփելով։
Գարեգին Վահեվանյանը միջնորդեր էր սերասքերի մոտ
և հաջողեր էր Զարեհ էֆենդիին համար գործ ապահովել։
Թեև սերասքերը իր սովորական արհեստանոցները ուներ,
բայց պատերազմական փոխադրությանց, համար այնքան
պետք կար փոխադրական կառքերու և սայլերու, որ պատերազմական նախարարությունը պայմանավորվեր էր Ֆնտըգլրի, Ղալաթիո, Ոսկեղջյուրի և Ստամբուլի մասնավոր գործատերերու հետ։
—Խաչի՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին,— մենք որոշ ժամանակ
կոշտ գործ պիտի ունենանք, բայց մենք պիտի վաստակինք
քանակին վրա։ Ինչքան որ կուզես՝ գործ կա։ Ես
նորեն կվերահաստատեմ շաբաթականները, բայց պակաս։