Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարպան մերժեց որևէ զեղջի համաձայնիլ արհեստավորներու աշխատավարձի վրա։


—է՛հ, ես ալ պակաս պիտի ստանամ,— ըսավ Զարեհ էֆենդին։— Կառավարությունը երբեք չի կրնար վճարել մասնավորի պես։


—Դուք գիտեք,— ըսավ Բարպան,— ես ուրիշ խոսք չունիմ. ոչ մեկ արհեստավորի ես չեմ կրնար ըսել, որ շաբաթականը պիտի զեղջվի, ան ալ ասչափ օր գրեթե պարապ մնալե ետքը։


—Ըսել է, կուզես, որ ե՜ս վնաս ընեմ։ Խաչի՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին սրտնեղելով։


—Դուք գիտեք, ձեռք չի տար նե, գործը մառնեք,– ըսավ կրկին Բարպան։— Հիմակ ամեն արհեստանոցներով մեջ աշխատող ձեռքերու պետք ունին, մեր արհեստավորները կցրվին, մեյ մըն ալ կտեսնես, որ մեջտեղը մարդ չի մնացեր։


—Արդյոք այդքան ապերախտ կըլլան իմ բանվորներս,— ըսավ Զարեհ էֆենդին՝ աչքերը երկինք դարձնելով։


Բարպան ապշած մնաց ճիզվիտի հանդգնության վրա: Գործերու սակավության ընթացքին Զարեհը չէր հետաքրքրվեր իր աշխատավորներու վիճակով, ոչ իսկ ձևի համար, պետք չէր տեսել, իսկ հիմա ան կհաշվեր այդ նեղ օրերու վրա, մտածելով, որ ինչ որ առաջարկվի, բանվորները հիմա կնդունին։


—Դուն անգամ մը խոսե, Բարպա,— ըսավ ճիզվիտը դուն պիտի տեսնես, որ անոնք պիտի համաձայնին։


—Անոնք համաձայնին ալ, ես չեմ համաձայնիր,- պատասխանեց Բարպան։


—Քու շաբաթականը չեմ իջեցներ,— ըսավ Զարեհ էֆենդին հապճեպով։


Բարպան անուշ մը նայեցավ ճիզվիտին։ Այդ նայվածքով ան կուզեր ըսեի թե հասկցեր էր Զարեհ էֆենդիին խորամանկությունը. հետո լրջացավ և ըսավ խոժոռելով.


—Դեմ եմ գիները կոտրելուն, ալ խոսքը չընենք. իմ ըսածս ան է, որ եթե աշխատավորները ուզեն համաձայնիլ: