էր գրասենյակին մեջ և ուշացեր էր։ Անիկա սաստիկ հոգնած էր և չուզեց նույնիսկ սրճարան հանդիպիլ, վախնալով, որ կթուլանա, և ուղղակի գնաց տուն։
Բանկալթիի վրա դեռ Բարպան չանդրադարձավ, որ տարօրինակ
բան մը կա, բայց երբ անիկա մտավ կողմնակի
փողոցները, մանավանդ, երբ անցավ Թաթավլա, անմիջապես
զգաց, որ այնտեղ կտիրեր արտասովոր մթնոլորտ։
Թաղը իրեն թվեցավ տարբեր, կարծես անծանոթ։ Բոլոր տուներու
դռները և պատուհանները փակ էին և վարագույրները՝
քաշված։ Ոչ մեկ լույս այդ փակ պատուհաններեն չէր
սպրդեր փողոց. թաղեցիները քաշվեր էին տան ետևի սենյակները
և միայն երբեմն պարտեզներու մեջ կիյնային լամպայի
բեկ-բեկ լույսեր։ Փողոցներու մեջ մարդ չի կար, և
Բարպան կլսեր իր քայլերու աղմուկը, որ կարծես կհետևեր
իրեն և որը կհնչեր անօրինակ կերպով ուժեղ։
Երբ Բարպան հասավ իր փողոցը, տեսավ, որ իր տան
հարևան տուներն ալ ընկղմած էին մութի մեջ, բայց իր տան
գլխավոր սենյակը, որուն երկու պատուհանները փողոցի
վրա կնայեին, լուսավորված էին։ Դեռ իր տան դռանը չէր
հասեր, երբ տեսավ Վիկտորյային գլուխը և լսեց անոր ձայնը,
որ կրսեր.
—Եկա՜վ… եկա՜վ…
Անմիջապես Միհրանը դուռը բացավ, իսկ սանդուղներուն
վրա երևցավ Վիկտորյան, որ, մտահոգության մատնված,
կշտամբանքով ըսավ Բարպային.
—Ասանկ իրիկունով ինչո՞ւ ուշ մնացիր, մահվան դողերու
մատնվեցանք։
—Ի՞նչ կա որ,— ըսավ Բարպան կոշիկները հանելով։
—Ի՜նչ կա մի, չե՞ս գիտեր։
Մինչև Բարպան կոշիկները հանեց և մուճակները հագավ,
Վիկտորյան պատմեց ինչ որ լսեր Էր թաղին մեջ։
—Թրքական բանակը անկանոն նահանջի մեջ Է… Փախստական
զինվորները մեծ խումբերով կհասնին Պոլիս…
Վախ կա, որ խռովություն ըլլա քաղաքին մեջ… Նահանջող
զինվորները իրենց պետերուն խոսքը չեն լսեր կոր, կըսեն
կոր, որ պիտի հարձակին մեր թաղերուն վրա։