ճարանին անկյունը նստած կխոսակցեին։ Բարպան պատմեց ոստիկանին հարցաքննության մասին, և երկուքն ալ համաձայն գտնվեցան, որ Վասիլը, գլխավորաբար, վտանգի մեջ էր։
—Աղբա՛ր,— ըսավ Հակոբը,— մեր հանցանքը ո՞րն է, մենք աստեղ նստած տեղերնիս մեր յուղովը կտապկվինք. մեզմե հեչ մեկը մրջյունի վրա անգամ կոխել չուզեր. անգին գազանները իրար հետ կռվի բռնվեր են, աղեկ… մեզմե ի՞նչ կուզեն, ինչո՞ւ մեզ հանցավոր կբռնեն, ասանկ ալ անիրավություն կըլլա՞, ճանը՛մ… Մեզի ինչ, բե՜,— ըսավ ան ձայնը անզգալիորեն բարձրացնելով,- ով կուզե՝ թող հաղթե, ով կուզե՝ թող հաղթվի, մեր գրպանը ի՞նչ կմտնե, դուն ինձի ան ըսե։
Խաչիկի խնդրանքով Հակոբը հանձն առավ երթալ Վասիլը զգուշացնել, և միասին դուրս ելան սրճարանեն։
Բանկալթիի ճատտեեն անընդհատ կառքերը կանցնեին՝ բեռնավորված ընտանիքներով և վալիզներով։ Կարծես թե քաղաքը կպարպվեր։ Բոլոր անոնք, որ միջոցներ ունեին, կերթային կղզիները կամ Վոսփորի ասիական ափունքը։
Լրտեսներ ու գաղտնի ոստիկաններ, որոնք ճանաչելի Էին իրենց յուրահատուկ երևույթով, կարմկահարեին անցորդները և երբեմն մոտեն կհետեվեին անոնց, հետամուտ ըլլալով լսել անոնց խոսակցությունը։ Բարպան և Հակոբը քանի մը անգամներ զգացին իրենց ետևեն այդ զզվելի ներկայությունը և ընդհատեցին իրենց խոսակցությունը։ Վերջապես, անոնք լուռ կքալեին կողք֊կողքի, երբ հանկարծակի պանիկային հով մը բարձրացավ, ինչպես փոթորիկի քամի, որ կքշեր, կտաներ իր առաջքեն լեղապատառ մարդկանց բազմություններ։
Հակոբը բաժնվեցավ Բարպայեն, որ մտախոհ վերադարձավ դեպի արհեստանոցը։ Հայ և հույն բոլոր բանվորները թափվեր Էին փողոց և հետամուտ Էին իմանալու հառաջ եկած խուճապի պատճառներու մասին։ Ղալաթիայեն և Բերայեն բարձրացողները երբեմն կանգ կառնեին և շնչասպառ կխոսեին. կըսեին թե Չաթալճայի ամրությունները գրավված են, և բալկանյան զորքերը կարշավեն քաղաքին վրա.