ոմանք ալ կըսեին, թե նահանջող զինվորները` միանալով քաղաքի տականքին, հարձակեր են ասիական ափունքի և Ստամբուլի զանազան թաղերու վրա։ Բանվորներեն շատերը ազգականներ ունեին այդ թաղերու մեջ և կողբային, բայց երբ կլսեին, որ խուժանային ամբոխ մը կքալե Բերայի վրա, կմոռնային իրենց ազգականները և կվազեին տուն։
Բերայի և Բանկալթիի մեծ փողոցներուն վրա խանութներու երկաթյա փեղկերը կիջնեին շառաչյունով և, մեկ կողմե, մարդոց խուճապային փախուստը, մյուս կողմե՝ իջնող փեղկերու աղմուկը ստեղծեր էին աղետալի մթնոլորտ մը, որու մեջ մարդիկ դյուրավ կհավատային այն սուտ զրույցներուն, որոնք դուրս եկեր էին անհայտ և պղտոր աղբյուրներե և որոնք սարսափով վարակեր էին զանազան պատճառներով գերագրգռված մայրաքաղաքացիները։
Այդ միջոցին թուրք խաղաղ ազգաբնակչությունը՝ իր կարգին ահի և գողի մատնված, մյուս կողմե խորապես վիրավորված, կքաշվեր իր խիտ թաղերը և իր ամրափակ տուները։
Իսկ Վոսփորի վրա եվրոպական պետություններու զրահավորները և հածանավերը կհառաջանային դանդաղորեն կամ իրենք իրենց վրա կդառնային, թնդանոթներուն փողերը ուղղած դեպի թրքական թաղերը։
* * *
Նույն օրը առավոտյան Վասիլը լավ էր և նախաճաշը անկողնի մեջ ընելե հետո ելավ հագվեցավ, հակառակ կնոջը կշտամբանքներուն, և նստեցավ բազմոցին վրա։ Շաբաթներե ի վեր անգործության մատնված ըլլալով, սիրտը կընեղվեր և մեծ փափագ ուներ դուրս գալու, սրճարան երթալու, հանդիպելու իր ընկերներուն։ Անիկա մտահոգ էր նաև իր նյութական վիճակի մասին։ Մտադիր էր երբեք չմտնել Զարեհ էֆենդիի մոտ, որին արհեստանոցեն ժամանակով հեռացեր էր կռիվով և որուն իրեն հանդեպ ունեցած անհաշտ ատելությունը կզգար։
Բայց գործ գտնելու հեռանկարը չէր, որ մտահոգ կըներ