Վասիլը հարցական նայեցավ Ռեմզիին։
-Անիկա պետք է գլխավորաբար զգուշացնել ինքն իրմեն,— ըսավ Ռեմզին։
Բալկանյան պատերազմը և Թուրքիո պարտությունը դարձան Վասիլի և Ռեմզիի խոսակցության գլխավոր նյութը: Ռեմզին զզվանքով կխոսեր Թուրքիո ֆեոդալական մնացորդներու դեմ, բայց և նույնքան ատելություն ուներ իթտիհատականներու դեմ։ Անիկա համոզված էր, որ իթտիհատականները՝ իրենց արկածախնդրական քաղաքականությամբ և թթու ազգայնականությամբ, երկիրը պիտի հասցնեին կորստյան անդունդը։
—Ամեն ինչ պիտի ընկղմի,— ըսավ ան, — արյան ծովու մեջ։
Բայց ինչ որ Վասիլր կզարմացներ, այն էր որ Ռեմզին, հակառակ իր զգացած դառնության, որուն արտահայտությունը կկրեր իր թուխ և անտաշ դեմքին վրա, ուներ հավատք։ Անիկա կհավատար մարդկության ապագային և այդ լուսավոր հավատքով, կարծես թե, կսպասեր արտակարգ եղելության մը։
Իրենց վարջին տեսակցության Ռեմզին հավասար պժգանքով խոսեցավ բալկանյան և թուրք բանակներու կատարած ավերներու և խժդժություններու մասին գրավված վայրերու խաղաղ գյուղացիության վրա։ Անոր աչքերը լի էին ցասումով, և անիկա գրեթե ուրախությամբ հաղորդեց, որ թրքական բանակը չարաչար պարտության կենթարկվեր, համբավավոր հրամանատարներ կխայտառակվեին, որ, անտարակույս, իթտիհատը պիտի իյնար իր փորած հորին մեջ։
Վասիլը կլսեր և կխորասուզվեր մտածումներու մեջ. հանկարծ անիկա ըսավ.
—Դուք ուսմունք առած, գիտուն մարդ եք ներեցեք համարձակությանս, բայց բան մը կա ձեր մեջ, որ մութ է ինձ համար։
—Մութ բան չի կա իմ խոսքերուս մեջ,— ըսավ Ռեմզին։