րահասակ և վատուժ, որ բացառիկ ընդունակություն ցույց կուտար նկարչության մեջ, հալածական անասունի տխուր նայվածքով կնայեր դեպի վեր՝ Ռահմիին, որուն բարձր հասակը և լայն ուսերը վստահություն կներշնչեին։ Ռահմին զգաց այդ նայվածքին խոր թախիծը և սարսռաց։
—Ընկերնե՛ր,— ըսավ ան հուզված ձայնով,— մենք ամենքս ալ խաղաղ մարդիկ ենք, արվեստի աշխատավորներ ենք, մենք ընկերներ ենք… ինչ որ ալ պատահի, մենք կըմնանք համերաշխ, և ոչ ոք չի համարձակիր որոմ ցանել մեր մեջ…
Անիկա պահ մը շուրջ բոլորը նայեցավ և շարունակեց.
— Մեր ի՛նչ գործն Է… կատաղած շներ կկռվին ուրիշ կատաղած շներու հետ, իսկ մենք չենք ուզեր պատերազմ այդ Է մեր նշանաբանը. հիմակ, ընկերնե՛ր, ամբողջ խնդիրը այն Է, որ անվնաս դուրս ելլենք այս ալեկոծութենեն, հետո կտեսնենք։
Երբ Ռահմին մոտեցավ իր խումբին, Տիրանը առաջարկեց, որ դուրս գան։
—Ես սրճարան մը գիտեմ թուրք թուղերու մեջ,— ըսավ անիկա,— հիանալի անկյուն մըն Է՝ աքասիաներու հովանիին տակ. այս ժամուն մարդ չըլլար, երթանք այնտեղ, ես և Յորկին ալ թուրք կձևանանք, կնստինք, հանգիստ կխոսինք։
Ընկերները համաձայն գտնվեցան. արագությամբ դարսեցին իրենց իրերը, վերնաշապիկները հանեցին և դուրս եկան։
Գեղարվեստից վարժարանի շրջակայքը հանդարտ Էր, բայց փողոցներու կերպարանքը փոխված Էր. կարծես քաղաքին սովորական ազգաբնակչությունը քաշվեր Էր թաքստոցներու մեջ, և փողոց իջեր Էին բոլորովին տարբեր մարդիկ, ոմանք՝ կասկածելի երևույթով, ոմանք՝ տարտամ և շիլ նայվածքներով, ոմանք՝ քստմնելի ցնցոտիներով։ Կային նաև մեկ քանի խուճապի բռնված քաղաքացիներ, որոնք, կարծես թե, մոլորված Էին և անձկալի անհամբերությամբ ծակ մը կփնտրեին մտնելու և թաքնվելու համար։
Չորս ընկերները անցան թրքական թաղերե, որոնց խիտ