Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոր աշխարհ մը մտեր էր։ Կզարմանար այդ ծերացած կնոջ աշխույժին և անսպառ զվարթության վրա, կզարմանար, թե ինչպես, հակառակ իր տարիքին, ան հոգածու էր արդուզարդին. կհագվեր ճաշակով, կխնամեր դեմքը և ձեռքերը և սեղմիրանով կսանձահարեր իր ամեն կողմերե փլչող գեր մարմինը։ Գլուխը կդներ խարտյաշ գանգուրներով կեղծամ, և հեռվեն տեսնողը կարող էր կարծել, թե մադամը դեռ երիտասարդ կին է։ Տարի՞քը․․․ Ո՛վ կարող էր գուշակել։ Առավոտ մը, որ Սոֆիցան սովորականեն կանուխ եկած էր, տեսավ մադամը իր բնական վիճակին մեջ և չի ճանչցավ, այնքան տարբեր էր ան հագված և զուգված մադամեն։

Շուտով մադամ Բլանի խորհուրդներով Սոֆիցան սկսավ ճաշակով հագվիլ. մադամը դյուրավ ըմբռնել տվավ Սոֆյային, որ կնոջ մը համար շիկը այն է, որ հետևելով հանդերձ նորաձևության, ամեն մեկը իր ոճը ունենա, իր ֆիզիկական հատկություններուն համապատասխանող արդուզարդը։ Իրարու հետ կխոսեին մասամբ ֆրանսերեն և մասամբ մադամին կրճատ հունարենով, բայց այդքանը բավական էր, որ Սոֆիցան հասկնար, թե մադամը զինքը գեղեցիկ կհամարեր, սիրուն աղջիկ, որ ինքզինքին հարգը չի ճանչնար։

Այդ կենսուրախ և բանիմաց կնոջ մտերմության մեջ կարծես Սոֆյայի հոգին հանգստացավ, իր ներքին խռովահույզ էությունը դադրեցավ զինքը անհանգիստ ընելե։ Ա՜հ, եթե այդ այդպես կարենար շարունակել։

Հեղինեն կզբաղեր տանը գործերով, ճաշ կպատրաստեր, և երբ իրիկունը, ուշ ատեն, հոգնած Սոֆյան կվերադառնար տուն, կգտներ հանգիստ և մայրական հոգածություն։

Բայց ահա, գաղտագողի, դավաճանորեն, ուրիշ հոգեր սպրդեցան Սոֆյայի հոգվույն մեջ։ Սկսավ մտածել, թե սահմանված չէր այն կյանքին, որուն մեջ ապրեր էր։ Մադամ Բլանի աշակերտուհիներու մեջ հույն հարուստ աղջիկներ կային։ Կապրեին պերճանքով ու նազով, կծաղկեին ծաղիկներու պես։ Հակառակ իրեն, Սոֆյան կմտածեր, թե ինքը անոնցմե մեկը կրնար ըլլար, և խուլ ատելություն մը կփոթորկվեր իր մեջ անծանոթ ծնողներու նկատմամբ, մանավանդ որ մադամը առիթը չէր փախցներ ըսելու, թե ինքը