Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազնվականի ձեռքեր ունի և թե զարմանալի է, որ ձկնորսի աղջիկ է։

Սոֆյան երբեք չպատմեց իր ծնունդի գաղտնիքը մադամին բայց անոր խոսքերը խոր ակոսներ կբանային իր հոգվույն մեջ և կիմաստավորեին իր տարտամ վիշտերը։ Ան չէր ուզեր հաղորդակցության մտնել աշակերտուհիներուն հետ․ փակված հանդերձարանին մեջ, կատաղության հասնող սրտնեղությամբ կլսեր բախտավոր աղջիկներ ու ծիծաղը և շատախոսությունները։ Անոր դժգույն և նիհար դեմքը անայլայլ կմնար, բայց մազերը կտամկանային քունքերուն վրա, և բարձր ճակատին վրա թառած բարակ հոնքերը կարտահայտեին իր ներքին շփոթ զգացումները։

Երեկոյին, երբ դուրս կուգար և Շիշլիի պողոտայեն կանցներ արագ և ճկուն քայլերով, երիտասարդները խոսք կնետեին իրեն։ Սոֆյան արհամարհական լռությունով կանցներ՝ առանց աչքերը բարձրացնելու, բայց և անորոշ հուզում մը կգրավեր զինքը։ Երկար ատեն համոզված եղեր էր, որ կարմիր այտերով, առույգ և զիրուկ աղջիկները միայն, ինչպես էին իր խորթ քույրերը, կարող են տղամարդիկը հրապուրել, բայց այժմ կզգար, որ ինքն ալ ուներ իր հատուկ հրապույրը, որին զգայուն էին միայն նրբաճաշակ մարդիկ։ Գիշերները երկար ատեն արթուն կմնար և տարտամորեն կերազեր, բայց որևէ ելք չէր գտներ ինքզինքին համար։ Համոզված էր, որ ինքը դժբախտ աղջիկ էր և ինչ որ ճակատը գրված էր, անվերաքննելի վճիռ էր և ինքը առանձին էր բոլորովին իր դժբախտության մեջ։ Երբ Հեղինեն՝ օրվան տնային գործերեն քաղցրորեն հոգնած, ծանր մարմինը կտարածեր անկողնին մեջ և կհառաչեր գոհունակությամբ՝ «Փա՜ռք քեզ, աստված․․․», Սոֆյան գրեթե կզայրանար, երբեմն ալ լռին կարտասվեր՝ հոգին լեցված շփոթ զգացումներով և իզուր փնտրելով որոշ պատճառ մը զինքը ճնշող տխրության։ Ու կմտածեր, թե ինքը դժբախտ էր և այդպես եղած էր իր ծնած օրեն։

Առավոտ մը Սոֆյան զարմանքով տեսավ, որ Հեղինեն պառկած մնացեր էր․ ան ընդհանրապես շատ կանուխ կելլեր անկողնեն և նախաճաշիկը կպատրաստեր․ Սոֆյան մոտը գնաց։ Հեղինեին դեմքը կարծես ուռած էր և շառագունած։