Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նար թուրք, արաբ, հույն, եվրոպացի, ինչ որ ուզեր։ Անիկա ոչ միայն կատարելապես լավ կխոսեր տեղական լեզուները, ինչպես նաև եվրոպական լեզուներ, այլև տարօրինակ ճկունությունով, վարպետ դերասանի պես, կհաջողեր անձնավորել իր ուզած թիփը:

Րամազանի օրերուն Տիրանը սյուննի թուրքերու հետ հորանջելով և աղոթելով կսպասեր, որ մայրամուտի թնդանոթները արձակվին, և «ծոմը կխզեր» ձիթապտուղով. հետո կերթար գիշերային զբոսատեղիները, երբեմն հասարակ ժողովրդին հետ, երբեմն բարձր դասու պատկանող թուրքերու հետ, ինչպես որ կամենար։ Իսկ շիա պարսիկներու տոներուն անիկա անպատճառ կմասնակցեր թափորներուն, կդիտեր դեմքերը և կեցվածքները և երբեմն չկրնալով զսպել իր ցանկությունը, անիրական մատիտով մը օդին մեջ սիլուետ մը կամ շարժում մը կգծեր։ Անիկա կճանչնար կորած խաներու քստմնելի անկյուններուն մեջ բնակող պարսիկներ, արաբներ, դերվիշներ, զանազան աղանդավորներ։ Տիրանը՝ իր արվեստի պահանջներե մղված, կջանար պոլսական կոսմոպոլիտ խառնիճաղանջին մեջ գտնել նկարչագեղ թիփեր, կացություններ, բայց հետզհետե անոր կատարած այդ ճարպիկ մարզանքները դարձեր Էին ինքնանպատակ զվարճություն: Երբեմն անիկա, գլուխը բերետ մը դրած և բերնին անկյունը՝ ծխամորճի մը կոթը, կդեգերեր Ղալաթիո ռեստերը, գարեջրատուները, ուր իրենց լեզվով կխոսեր աշխարհիս ամեն ափերեն եկած նավաստիներու, շիլ առևտրականներու, միջնորդներու, նավահանգստային ամեն կարգի սրիկաներու, ավազակներու և մաքսանենգներու հետ։ Երբեմն անիկա կհայտնվեր, իր ընկերներուն կպատմեր այնպիսի զարմանալի դրվագներ և այնպիսի տարօրինակ թիփերու մասին, որ իր ըսածները անիրական կթվեին։ Անիկա ուսումնասիրեր էր նաև Հին Ստամբուլը, ինչպես նաև բյուզանդական շրջանեն մնացած բեկորները և երբ ընկերներու հետ դուրս կուգար Պոլսո պարիսպներեն, մեկ֊մեկ կմատնանշեր Հուստինիանոսի ժամանակ շինված մասերը և հետագա կառուցվածքները, հնագիտական լուրջ տվյալներով: Անիկա գիտեր ամեն մեկ մզկիթի պատմությունը, հին տա֊