ճարներու և եկեղեցիներու մնացորդները, խաչքարերը, որոնք երբեմն ծառայած էին նոր կառուցումներու, դարձեր էին տան սեմ կամ ուրիշ հասարակ գործածության նյութ: Օսմանյան թանգարանի տնօրինությունը քանի անգամներ փորձած էր այդ տարօրինակ երիտասարդը կապել հիմնարկությանը, պաշտոն տալ անոր՝ լավ ռոճիկով, բայց Տիրանը ոչ միայն անշահախնդիր մարդ էր, այլև կուզեր ամեն գնով պահպանել իր անկախությունը։ Գեղարվեստից վարժարանի ուսանողներուն մեջ ոչ ոք այնքան կյանքի փորձ չուներ և այնքան նյութ կուտակած չէր, որքան Տիրանը: Անոր այդ հատկությունը կգնահատեին թե՛ ընկերները և թե՛ պըոֆեսորները, որոնց հետ կխոսեր՝ անթերի կատարելությամբ, իտալերեն, ֆրանսերեն, հունարեն և թրքերեն։ Բայց այդ բոլոր հատկություններով, թերևս անոնց բազմության և բազմազանության պատճառով, անիկա դեռ չէր հաջողեր իր ինքնուրույն ձևը գտնել գեղարվեստական ստեղծագործության մեջ։
Ժամը հինգն էր, երբ Տիրանի առաջնորդությամբ ընկերները մտան աքասիաներու ստվերին տակ և նստեցան աթոռակներու վրա։ Բայց, հակառակ Տիրանի ակնկալության, այդ մեկուսացած սրճարանը այդ օրը խճողված էր, բոլոր տեղերը գրավված էին։ Տարեց և ծերունի թուրքեր, ոմանք կանանչ փաթթոցավոր, նստեր էին և լուռ կարծես թե կխոկային։ Կլսվեր միայն համրիչներու հատիկներու համաչափ և դանդաղ անկումը հատիկներու վրա. երբեմն ալ կլսվեր խուլ հառաչանքի մը կամ զսպված հորանջյունի մը խոր շնչառությունը։ Երբ երիտասարդները տեղ գրավեցին, այդ թմրած երևույթով ծերունիներեն ոմանք իրենց կիսախուփ արտևանունքներով տակեն գողունի և հետազոտող նայվածքներ ուղղեցին անոնց, և ոմանք ալ ակնարկներ փոխանակեցին իրար հետ։
Ռահմին, չի կրնալով հանդուրժել այդ մթնոլորտին, աոաջարկեց, որ հեռանան, երբ նոր խումբ մը մարդիկ եկան և բարձրաձայն խոսելով տեղավորվեցան աքասիայի մը թունին մոտ։ Երիտասարդ մոլլա մը կառաջնորդեր այդ խումբը։