Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա։ Անոր սրտի գոհունակությունը մթագներ էր Վասիլի ձերբակալությունով։ Բայց այն միտքը, թե հետևյալ օրն իսկ կգտներ էմիլը ուր որ է և անոր միջոցով կդիմեր ֆրանսիական հյուպատոսին, զինքը կամոքեր, և ան շնորհապարտությամբ կնայեր դրոշակին, որ իրեն տվեր էր ինքնավստահություն՝ պաշտպանելու համար իր և իրեններու իրավունքը։

                                   * 
                                *     *

Նույն այդ գիլերը, Վասիլի ավերված տան մեջ, Սոֆյայի անկողնին շուրջ, Միհրանը և Յորկին մտերմացեր, դարձեր էին անբաժանելի ընկերներ։

Անոնք փոխադրեր էին Սոֆյայի անկողինը պարտեզի վրայի սենյակը և կհսկեին հիվանդին վրա, որ կզառանցեր և կփորձեր անկողնեն դուրս նետվիլ: Բայց հետզհետե հիվանդին տաքության աստիճանը բարձրանալով, անիկա ինկավ թմրության մեջ։ Երկու անփորձ պատանիները, կարծելով, որ հիվանդը հանգստացավ և չուզելով անոր քունը խանգարեի հեռացան անոր անկողնեն և, սեղանի մը առաջ նստած, սկսան ցած ձայնով խոսակցիլ։ Անոնք զգուշությամբ իրարու միտք շոշափեցին և հանկարծ զգացին, որ իրարու մոտ են, գաղափարակից՝ հիմնական խնդիրներու մեջ։

Յորկին մտատանջ էր հորը համար, և ան կմտածեր հետևյալ օրն իսկ գտնել Ռահմին և անոր հետ խորհրդակցիլ հայրը ազատելու միջոց մը գտնելու համար։ Այդ կապակցությամբ Յորկին խոսեցավ Միհրանին իր ընկերներու և մասնավորապես Ռահմիի և Ռեմզիի մասին, որ մեկներ էր ճակատ։

—Ա՜հ, եթե Ռեմզին Պոլիս ըլլար, հորս խնդիրը շուտով կկարգադրվեր,— ըսավ Յորկին։

Միհրանը մեծ հետաքրքրություն ցույց տվավ Յորկիի ընկերներու մասին և գանգատեցավ իր մինակութենեն։

—Ինձ կթվի,—ըսավ անիկա,— որ մարդս ամեն բանի կտոկա, եթե սրտակից ընկերներ ունի։