ԳԼՈԻԽ ՎԵՑԵՐՈՐԴ
ԱՐՅԱՆ ՀՈՐԶԱՆՔ
Քանի մը օր հետո Բեռնարները վերադարձան տուն և նույն երեկոյան իսկ եկան Բարպայի մոտ ճաշելու։ Վիկտորյան ջերմ ընդունելություն ըրավ անոնց, Վասիլին բախտը համարելով անոնց ձեռքը, իսկ Բարպան հանդիսավորապես դրոշակը վերադարձուց իր տերերուն՝ խորին շնորհակալություն հայտնելով: Այն գիշերը անցեր էր առանց միջադեպի, և հետևյալ օրվընե իսկ սովորական կյանքը սկսեր էր քաղաքին մեջ, բայց Բարպան ըսավ, թե դրոշակին շնորհիվ այդ ծանր գիշերը անցուցեր էին ապահով։
—A votre service*,— ըսավ էմիլը,— երբ և ինչ առիթով, որ կարենանք ձեզ ծառայություն մը ընել, ես ու կինս պատրաստ ենք։
Այդ երեք օրերու ընթացքին, որ Բեռնարները անցուցեր էին տունեն դուրս և ստիպվեր էին շատ ծախսել, ճաշելով ճաշարանները և գիշերը անցընելով իրենց ծախքով հյուրանոցի մը մեջ, ուր խռնվեր էին ուրիշ օտարերկրացիներ, բազմաթիվ անգամներ առիթ ունեցեր էին անդրադառնալու, որ Բարպայի միամիտ վստահությունը և բարեկամությունը իրենց նկատմամբ արհամարհելի բան չէր։ Անոնք երկուքն ալ իրար մեղադրեր էին անտակտ վարմունքի համար և քիչ մը վախ ունեին, որ իրենց վերադարձին Բարպան և Վիկտորյան նույնը չի պիտի գտնեն։ ____________
- Պատրաստ եմ ձեզ ծառայելու (ֆրանս.)։