-Ինձ չեն հետաքրքրեր,— ըսավ Արտակը,- կրնաս քեզ մոտ պահել, եթե կուզես։
Անիկա պահ մը լուռ կանգնեցավ և հետո ըսավ. —Վաղը իրիկուն հանդիպինք իրարու, քեզի ըսելիքներ ունիմ:
Հետևյալ օրը, դպրոցեն արձակվելե հետո, Արտակը և Միհրանը բաժնվեցան կոլեջեն դուրս պոռթկացող պատանիներու բազմութենեն։ Արտակը ըսավ Միհրանին.
Ինչո՞ւ հեռու կփախիս հայր Սիմոնեն։ Ազնիվ և բարի մարդ Է… մարդ չէ, հրեշտակ է,— ըսավ Արտակը ոգևորությամբ։ — Միայն այն հաջողեցավ իմ թափուր հոգիս լեցնել երկնային իմաստությունով։
Արտակը վերացեր էր անոր աչքերը կփայլեին տենդով։ Միհրանը կարծեց, որ ան խելագարվելու ճամփուն մեջ է։
—Արտա՛կ… - ըսավ սրտագին,- և կուզեր կրկնել իր ընկերոջ գրավաճառ Վենսանի խոսքերը սևազգեստներու լարած զանազան տեսակի որոգայթներու մասին. բայց Արտակը չի թողաց, որ Միհրանը խոսի։
—Պետք Է կրկին կարդալ Ավետարանը,— ըսավ Արտակը: — Կարդալ խորհելով և իմաստավորելով… Անարժան մարդիկ,— ավելցուց ան հուզումով,— խեղաթյուրել են այդ աստվածային գիրքը և մեզ մոլորեցուցեր են։ Հայր Սիմոնը իմ կույր աչքերը բացավ… Ես ի՞նչ Էի որ… մութին մեջ խարխափելով գլուխս կզարնեի մեկ պատին, մյուս պատին… Այն հոգեկան տանջանքը, որ ես ապրած եմ, Միհրան,— ըսավ անիկա հրայրքով,— ոչ ոք չի ապրած։ Ես կնմանեի կույրի մը, որ լույսի գաղափարը ունի՝ առանց լույս տեսած ըլլալու, և իմ ամբողջ Էությունովս կբաղձայի լույսը… Հիմակ իմ առաջ բացված Է լուսեղեն շավիղը, ես աներեր կերթամ այդ ճամփով, և թող պատահի ինչ որ կարող Է պատահիլ…
—Արտա՛կ,— գոչեց կրկին Միհրանը։
Անոնք կերթային փողոցներեն, զարնվելով անցորդներուն. ոմանք կծաղրեին, ոմանք կհայհոյեին իրենց։ Թառլա Բաշի հասնելով, անոնք շեղեցան դեպի թրքական գերեզմա-