նատունը, և այնտեղ Արտակը, նստելով շիրմաքարի մը վրա, ըսավ վերացական արտահայտությամբ.
—Հիմակ ես իմ սրտիս վրա գրկած կպահեմ իմ ճշմարտությունը, ատիկա իմ գանձս է, իմ անսպառ հարստությունս… որքան այդ հարստութենեն բաշխեմ ուրիշներուն, այնքան իմ գանձս կաճի… և ոչ ոք կարող է ան խլել ինձմե… Միհրան, ես պիտի ուզեի քե՛զ հետ քալել այդ լուսեղեն շավիղեն… դուն արժանի ես այդ շնորհքին։
Միհրանը ձեռքը դրավ Արտակի տենդոտ ձեռքին վրա և ուզեց սփոփել իր ընկերը։ Միհրանը համոզված էր, որ Արտակը հիվանդ է և կզառանցե: Ուզեց անոր ընկերանալ մինչև տուն, և սկսավ խոսիլ Արտակի հետ քաղցրությամբ և համոզիչ կերպով, ինչպես կխոսին հիվանդ երեխայի հետ։
Բայց Արտակը չէր լսեր և չէր անդրադառնար Միհրանի ո՛չ խոսքերուն և ոչ ալ վարմունքին։
—Հայր Սիմոնը ըսավ,— ավելցուց Արտակը,— որ ուղիղ քալելու համար այդ լուսավոր շավիղեն, պետք է որ մեր աչքերուն երկու կողմերը ծածկենք, ինչպես կընեն ձիերուն, որպեսզի ո՛չ զբաղինք ուրիշ բանով և ոչ ալ սայթաքինք, այլ ուղիղ երթանք դեպի մեր գերագույն նպատակը, դեպի աստված…
Աստված չի կա,— գոչեք Միհրանը՝ ինքզինքմեն դուրս ելած,– աստված չի կա, սո՛ւտ է, Արտա՛կ, սուտ է և խաբեություն:
ԵՎ անիկա սկսավ հեկեկալով լալ։
Միհրանի ջիղերը լարված էին, և անիկա խորապես կգթար Արտակին։ Կզգար, որ անիկա խրված է ճահիճի մը մեջ և ինքր անզոր է դուրս բերելու իր ընկերը այդ աղետեն:
Այդ դեպքեն հետո Միհրանը ավելի ամրացավ իր կարծիրներուն մեջ։ Ան հասկցավ նաև, որ ինքը առանձին պիտի գտներ իր ճամփան։ Բալկանյան պատերազմի սկղբին անիկա վճռեց, իր դատողությամբ, որ պատերազմը անիմաստ վայրագություն Է, որ միայն վնաս կբերե երկու կողմերուն ալ անխտիր։ Անիկա ամփոփվեցավ ինքն իր մեջ և ոչ ոքի չէր հայտներ իր մտածումները։ Անիկա գաղտնապես