Յորկին, իր ընկերներու ստիպողական պատվերով, վերջին մեկնող ռումանական շոգենավով անցեր էր Բալկանները։ Ռահմին մեկներ էր ճակատ, իսկ Ռեմզին գացեր էր Գելիպոլուի զինվորական հիվանդանոցը իբրև Կարմիր Մահիկիբժիշկ։
Զարեհ էֆենդիին արհեստանոցը բաց էր, հակառակ որ բոլոր երիտասարդ աշխատավորները մեկներ էին ճակատ կամ փախստական էին։ Անիկա աստիճանաբար իր վարմունքը փոխեր էր Բարպայի նկատմամբ։ Օգտվելով պատերազմական վիճակեն, ան իջեցուցեր Էր աշխատավարձերը և ավելցուցեր Էր աշխատանքի ժամերը։ Առաջին անգամ, որ Բարպան ուզեց առարկել, ճիզվիտը՝ իր սովորական քաղաքավարությունը մեկ կողմ թողած, գոչեց անոր երեսին.
—Հիմա՞կ ալ ձեր խաթրին երթանք… հա՞… Ալ անցան այդ օրերը… Չե՞ք հավնիր իմ որոշումներուս, մի հավնիք… Հայդե՛, ձեզ նայիմ, բոյերնիդ տեսնեմ, գործադուլ ըրե՛ք, բողոքեցե՛ք, ցույց կազմակերպեցե՛ք։ Ո՞ւր են ձեր խաբադայիները… Ամեն մեկերնիղ կատու դարձեր եք։ Չի խոսի՞ս, լեզուդ մո՞ւկը կերեր Է… Ես բեյլիկի գործ կընեմ կոր, ասոր պատերազմ կըսեն, խենթի հարսնիք չէ։
Բարպան ուզեց հրաժարիլ իր գործեն, բայց ընկերները խնդրեցին, որ այդպիսի բան չընե։
—Դուն ալ, որ չըլլաս, ի՞նչ պիտի ըլլա մեր հալը,— ըսին անոնք։
Բայց անգամ մը ճիզվիտը մտերմորեն խոսեցավ Բար պային։
—Խաչի՛կ,— ըսավ անիկա,— ամեն մարդ իր ցավը ունի, իր հայտնի կամ գաղտնի խոցը ունի։ Իմ խոցս ալ իմ հարազատ տղաս, Արտակն Է:
Արտակը մերժեր Էր, որ հայրը բեդել վճարե, և միևնույն ժամանակ հետևելով «մի՛ սպանաներ» պատվիրանին, չէր ներկայացեր զինվորական ծառայության։ Անիկա՝ անտարբեր իր վիճակին, կզբաղեր ավետարանական ուսմունքով։ Արտակը մտեր էր առաքելական հրայրքի մեջ և որու որ հանդիպեր, կխոսեր Ավետարանի մասին։ Ոմանք, հորը հանդեպ ունեցած ակնածանքի հետևանքով, համբերությամբ կլը֊