Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխատանքի փողը հնչեց, և դասակի զինվորները ցրվեցան շինվելիք ճամփուն վրա։ Անոնց հոգիները լեցվեր էին տեսակ մը մեղկությունով. իրարու հետ կխոսեին և կվիճեին, երբ դաժան գործապետին մտրակը զիրենք սթափեցուց և հարկադրեց աշխատանքի։

Գործապետը, չավուշ Ահմեդ, չեչոտ դեմքով, նիհար, թուխ մարդ մըն էր, որուն մեկ աչքը վարագուրված էր ճերմակ արատով։ Անիկա բանտապահ եղած էր ալբանաբնակ ավանի մը մեջ և գիտեր ոչ միայն «մարդոց հետ վարվիլ հարկ եղած ձևով», այլև լրտեսել։ Անիկա շուտով տեղեկացավ, թե Արտակը ինչ դեր կկատարեր և իրիկուն մը, ուշ ատեն, երբ ղովուշին մեջ զինվորները, փոխանակ քնելու, կլսեին Արտակի խոսքերը, անիկա մտավ, ինչպես գայլը՝ փարախին մեջ, և առանց այլևայլի մոտենալով Արտակին, երկաթյա ցցուն մեխերով ներբանված մույկով կից մը զարկով անոր վերացած դեմքին։ Արյունը ժայթքեց Արտակի քիթեն ու բերնեն: Զինվորները սահմռկած մնացին, մինչ չավուշը մտրակով կշարունակեր հարվածել նվաղած Արտակը։

Երբ չավաշը դուրս ելավ՝ հայհոյություններ և սպառնալիքներ արձակելով, Արտակի ընկերները մոտեցան անոր, մաքրեցին դեմքը, ջուր տվին և վերջապես սթափեցուցին: Արտակը՝ հազիվ ինքզինքին եկած, մրմնջեց.

      Հայր, ներե անոնց, որ չեն գիտեր ինչ կգործեն…
      Աֆ կրնե կոր, մրմնջեցին զինվորները։
      Սուրբ մարդ է,– կըսեին ուրիշները։
      Մարդ չէ, ուրիշ բան մըն Է,— ըսավ մեկը և իր այդ

կարծիքին իբր հաստատություն՝ ցույց տվավ Արտակի ճերմակ և նուրբ մորթով կուրծքը և բազուկները, որ մերկացուցեր էին ջրով շփելու համար։

Քիչ հետո մարդիկ եկան տարին Արտակը: Անիկա բանտարկեր Էին անսանձ զինվորներու համար շտապով կազմակերպված բանտին մեջ, որ կգտնվեր սպայակույտի կայանին նկուղին մեջ։

Առավոտուն չավուշ Ահմեդը իր տեղեկագիրը տվավ գումարտակի հրամանատարին, որ սերեզցի երիտասարդ սպա մըն Էր, Ֆայիկ անունով։ Անիկա, լսելով չավուշին բացատրու–