Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կատակ է ըսածս, Խաչի՛կ, բռնվածները խելացի են թե ոչ, չեմ գիտեր, բայց անտարակույս խռովարարներ են։

Խաչիկը կշարունակեր լուռ նայիլ ճիզվիտին, անիկա ավելցուց.

—է՛հ, մեջերնին անմեղներ ալ կրնան գտնվիլ։ Հին ժամանակներեն մնացած խոսք է, որ թաց փայտն ալ չորին հետ կվառի։

—Դուն քու ինձ ունեցած պարտքդ տուր,— ըսավ Խաչիկը խուլ ձայնով։

—Երթանք գրասենյակ,— ըսավ Զարեհ էֆենդին և երեսը դարձուց դեպի դուռը։

Երբ գրասենյակ մտան, Զարեհ էֆենդին, ձեռքերը իրար շփելով, հարցուց.

—Ինչ կա, Խաչի՛կ, արդյոք մեզի թողո՞ւլ կուզես կոր։

—Ո'չ,— ըսավ Խաչիկը, թուքը դժվարավ կուլ տալով,-՝ դրամի պետք ունիմ, ես ալ հիվանդ եմ, քանի մը օր Սկյուտար պիտի երթամ։

—Աղեկ մտածեր ես,— ըսավ Զարեհ էֆենդին։— Աս ապրիլ ամսուն Սկյուտարը շատ գեղեցիկ է։ Ողորմած հոգի հայրս անպատճառ ապրիլ ամսվան մեջ կերթար Սկյուտար՝Հայդար Փաշայի առաջքը վաված մարգագետինը դիտելու: Կըսեր, որ հազար ու մեկ ծաղիկներ կըլլան…

Խաչիկը պաղ քրտինք կթափեր և կցնցվեր ամեն անգամ, որ դռանը առաջքը ոտնաձայն լսեր, երբ քայլերը կհեռանային , կարծես թե նոր կյանք կստանար։ Վերջապես, Զարեհ էֆենդին քանի մը թղթադրամներ գրավ Խաչիկին առաջ։ Բարպան դրամը վերցուց և առանց բարևելու դուրս նետվեցավ։ Անիկա նախ գնաց տուն, բայց Վիկտորյային թախանձանքներուն տեղի տալով, դուրս ելավ և ոււղղվեցավ դեպի Այազ Կափու, Ղուկասի բնակարանը։ Քանի մը քայլ հեռուեն Միհրանը կհետևեր մորեղբորը, որպեսզի որևէ դեպքի պարա¬ գային տեղյակ ըլլան։

Խաչիկը ընկերոջը տունը մնաց երեք շաբաթի չափ, որու միջոցին իրեն հարցնող չէր եղած ոչ տանը, ոչ ալ աշխատանոցին մեջ։ Անոր դրամը սպառեցավ, անգործ և փակված կյանքը ճնշեց Խաչիկին, և ան ուզեց հավատալ, որ իր մասին