բայց Միհրանի կարծիքը այն էր, որ Մաննիկը դժգոհ չէր իր ըրած տպավորութենեն, և այդ հանգամանքը արհամարհանք և զայրույթ ներշնչեց Միհրանին։
Հակառակ միտքը պաշարող բազմատեսակ հոգերուն, Միհրանը քանի մը օր չի կրցավ միտքեն վանել Մաննիկի այդ պատկերը, որը ակամա տանջանք կպատճառեր իրեն: Վերջ դնելու համար իր այդ զգացումներուն, Միհրանը կուզեր հավատալ, որ շատոնց հրաժարած է Մաննիկեն և թե, ընդհակառակը, սիրով կապված է Սաֆիեին , որուն լրջությունը, զոհողության ոգին և ուրիշ շատ բարձր հատկություններ հիացում կպատճառեին իրեն։ Միհրանը մտադրեց հառաջիկա կիրակի օրը թրքուհիին խոսիլ իր զգացումներուն մասին, անոր առաջարկել ամուսնություն, որը կարող էին իրագործել պատերազմեն հետո, արտասահման երթալով միասին։ Բայց երբ Միհրանը Սաֆիեին հետ առանձին տեսակցության միջոցին կարծեց, թե շատ նուրբ կերպով իր զգացումները կհայտներ, թրքուհին ոչինչ չի հասկցավ անոր ակնարկություններեն։ Միհրանը զգաց, որ Սաֆիեն, բացի ընկերական ջերմ զգացումը, որևէ ուրիշ կարգի զգացում չէ ունեցած իրեն նկատմամբ և չհամարձակեցավ ուղղակի հայտնել իր դիտավորությունները։
Երկրորդ անգամ, կամուրջին վրա էր, որ Միհրանր դեմառդեմ եկավ Մաննիկին հետ։ Երիտասարդ աղջիկը ջերմությամբ ձեռք տվավ Միհրանին և սկսավ խոսիլ անոր հետ ոգեվորությամբ՝, առանց ուշադրություն ընելու Միհրանին հագուստ–կապուստին. անիկա նույնիսկ պնդեց, որ միասին երթան թեյարան մը, հանգիստ խոսակցելու համար։ Միհրանը տրամադիր Էր ընդունելու Մաննիկի հրավերը, երբ գերմանացի սպա մը բարևեց Մաննիկին և հարցական նայեցավ Միհրանին։ Այն ժամանակ Մաննիկը՝ մոռնալով իր հրավերը,ըսավ հապճեպով.
—Ուրեմն, Միհրա՚ն, օր մը միասին տեղ մը կերթանք, երկար կխոսինք, ցտեսություն։
Եվ անիկա կաղալով հասավ սպային, որ դանդաղեցուցեր էր իր քայլերը։
Միհրանը այդ միջոցին ոչ միայն լուրջ զբաղումներ ուներ,