Էջ:Բարպա Խաչիկ.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն անդամին Միհրանը իր հայրը կգտներ ավելի ծերացած, ավելի ընկճված։ Անիկա միշտ կաշխատեր Գարաճա Ահմեդի արհեստանոցը և կնոջ մահեն հետո տեղափոխվեր էր իր քրոջը՝ Իպրաքսեի տունը։ Սահակը դեռ չէր սթափված իր գլխուն եկած դժբախտութենեն և անսահման վհատություն մը կտիրապետեր անոր։ Անիկա կզգար, որ կյանքի մեջ կառչելու կետ չուներ, ապրելու նպատակ չուներ, միայն իր հարազատ զավակը՝ Միհրանը, կարող էր կապել այդ թշվառ մարդը կյանքին, շահագրգռություն դնել անոր օրերուն և տաժանելի աշխատանքին մեջ, բայց այն հանգամանքը, որ Միհրանը նյութապես ապահովված էր և մորեղբորը տանը մեջ կվայելեր մայրական և հայրական խնամք, ավելորդ կդարձներ հորը հոգածությունը զավկին համար։

Բայց ան կարծես թե վերջնականապես չէր համոզված իր անօգուտ ըլլալուն և երբ կվճռեր երթալ Բերա, հուսահատորեն կկառչեր մի ինչ-որ անորոշ հույսի։ Անիկա կուգար ջերմ զգացումներով, ամիսներու, շաբաթներու ընթացքին սնուցած կարոտով իր հետ կբերեր կարմիր թաշկինակին մեջ կապած բիստաշ, փշատ, հունապ կամ խորոված սիսեռ և չամիչ. կարմիր թաշկինակին մեջ ծրարած այդ բուռ մը չոր մրգեղենը իր հետ կտաներ արհեստանոցը, շրջակա սրճարանները և իր խոնարհ հոգու բոլոր թափովը կմտածեր մտերմորեն, որ չոճուխը պիտի ուրախացներ, այդ բուռ մը մրգեղենն իր հայրական զգացումներու, բառերով չըսված զգացումներու նյութական արտահայտությունն էր։ Բայց երբ անիկա կհասներ Թաթավլայի տունը, կզգար որ այդ համեստ նվերը, որ, ժամանակով, իր տղու պայմաններու մեջ ապրող երեխայի համար երանություն կարող էր պատճառել, այն պայմաններու մեջ, որ այժմ կապրեր Միհրանը, որևէ արժեք չուներ։

Մինչև որ անձամբ կտեսներ իր որդին, դեռ Սահակը իր սրտի խորքին մեջ կպահեր դողդողացող պատրանքներ։ Վիկտորյան հետո կըսեր Միհրանին, որ հայրը քսան անգամ նայեցավ պատուհանեն, դպրոցն արձակված տղոց մեջ կարծեց ճանչնալ իր տղան, և դեռ կհաղորդեր այս կարգի մանրամասնություններ, որոնք ցույց կուտային, որ հայրն