Էջ:Բարպա Խաչիկ.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր տղուն կսպասեր սրտատրոփ, հուզմունքով և կարոտով։ Բայց երբ վերջապես Միհրանը անձամբ կմտներ տուն, իր դպրոցական համազգեստով և բեռնավորված գրքերու և տետրերու պայուսակով, Սահակը կնայեր իր հարազատ տղուն ապշած, հետո աչքերը կխոնարհեր՝ արտևանունքը թերթելով և կարծես կփնտրեր այն կորսված կապը, որ պետք էր ըլլար իր մտքի մեջ եղած չոճուխին և այս պատանիին մեջ։

Իսկ երբ Վիկտորյան, ջերմացնելու համար մթնոլորտը, մեծ ոգևորությամբ կպատմեր Սահակին իր տղուն դպրոցական հաջողությունները, կնշմարեր, որ Սահակը, փոխանակ ուրախանալու, ոչ միայն անուշադիր կլսեր այդ բոլորը, ինչպես եթե իրեն հետ առնչություն չունեցող խնդիրներ ըլլային, այլև հետզհետե կստանար ցավագին արտահայտություն։ Անիկա թերևս կմտածեր կնոջը, որ եթե ապրեր, ուրախ և հպարտ պիտի ըլլար իր տղուն հաջողություններով։

Միհրանն իր կարգին կմատնվեր անբացատրելի անձկության մը և կդիտեր հորը, աշխատանքի մեջ կոշտացած թանձրը և վիրավոր ձեռքերը, որոնցմով կարծես թե անհարկի բեռնավորված էր, կդիտեր անոր մաշած թեզանիքները և բոլոր հոգվովը կցանկանար, որ վերջ գտներ այդ տաժանելի տեսակցությունը։ Վերջապես, հայրը, ընդհանրապես սակավախոս, բռունցքը կզարներ ծունկին և կբացականչեր․

— Ես ալ ինչի՞ս կապրիմ կոր․․․ բե՜․․․ Եվ կմեկներ հանկարծ՝ կարմիր թաշկինակը վերցնելով գետնեն, որ կկարկառեր Վիկտորյային՝ ըսելով․

— Չոճուխին համար է։ Անգամ մը, որ Սահակը վեց ամիս չէր երևցեր, Վիկտորյան սկսավ մտահոգվիլ, և Միհրանին հետ որոշեցին հառաջիկա կիրակին երթալ Սկյուտար, Իպրաքսե հորաքրոջը այցելության։

Միհրանն արդեն վարժվեր էր Բերայի կյանքին, լուսաշող փողոցներու անցուդարձին, փայլուն և հարուստ ցուցափեղկերուն, բայց և տեսակ մը հետաքրքրություն ուներ կրկին տեսնելու այն վայրերը, ուր անցեր էին իր մանկության տարիները։ Այդ ժամանակ հիշողությունները սերտորեն կապված էին մայրական գիրկին հետ, և երբեմն Միհրանը դողդոջուն