Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրիշ փոքր արկղ մը որը իբր սեղան պետք էր ծառայեր, դրեր էր բազմոցին առաջ և կսպասեր, որ Բարպան և Միհրանը գան, որպեսզի սեղանը դնե, որովհետև բաց ծովի բուորն քամին թույլ չէր տար որևէ բան առաջուց սարքելու։ Անիկա գոհ էր և երջանիկ Բարպայի և Միհրանի ենթադրյալ գոհունակությամբ, և այդ բոլոր ժամերուն ակնարկ մը իսկ չէր նետեր հետզհետե հեռացող և անհետացող քաղաքին վրա։ Անոր քաղաքր, հայրենիքը, ամեն ինչը Բարպան էր, և ան իր ամբողջ ունեցածը անաղարտ կերպով իր հետ կտաներ, քանի որ անբաժան կմնար Բարպայեն։ Վիկտորյայի ուրախության մեջ քիչ բաժին չուներ նաև Յորկին կրկին տեսնելու ակնկալությունը, որ հիմակ, կմտածեր, թե մեծցած, մարդ դարձած էր։ Յորկիի կապակցությամբ Վիկտորյան սուր կսկիծով հիշեց Վասիլը և Սոֆյան և քանի մը կաթիլ ջերմ և աղի արցունքներ նվիրեց անոնց։

Երբ, վերջապես, Բարպան և Միհրանը եկան և նստեցան պատրաստված բազմոցին վրա, Վիկտորյան կողովե մը դուրս հանեց շիշ մը օղի և դրավ Միհրանի երկու սրունքներուն մեջտեղ։ Այդ անակնկալը պարզեց Բարպայի կնճիռները, և այլևս անոնք խաղաղությամբ խմեցին ու ճաշեցին, ամեն րոպե պայքարելով քամիին դեմ, որ կարծես դիտմամբ իրար կխառներ դրված իրերը։

Մյուս ճամփորդները դեռ վերջնականապես չէին տեղավորված, և աղմուկը կբարձրանար ջղագրգռված խումբերե, որոնք կվիճեին իրենց հարևանուհու հետ, կամ կոխոտելով իրեր, անկողիններ, կորսված արկղ մը կամ կողով մը կորոնեին։ Երեխաները կճչային, մեծերր կգռռային, և քամին այդ բոլորը կառներ կտաներ իր հևքոտ արշավներով։

Շոգենավը երրորդ կարգ չուներ, իսկ առաջին և երկրորդ կարգի ճամփորդները ռուս փետրաթափ տարագիրներ էինք: Պճնված կիները՝ իրենց գունավոր շրթունքներով, թառամած և շպարված դեմքերով, մոնոկլներով տղամարդիկը, ոմանք զինվորական հագուստներով, կերևային և կանհետանային վերևի կամրջակներուն վրա՝ առանց երբեք խառնվելու վարի կամրջակի ճամփորդներուն։ Ճամփորդությունը կանցներ սովորական ընթացքով, որուն ամենեն նշանակալի դեպքերն