Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ակնկալություններով և միտքը՝ անհանգիստ, բազմատեսակ հետաքրքրություններով։

Գրավման բանակներու գարշապարներուն տակ, ստրկացած քաղաքը կտարածվեր Վոսփորի երկու ափերուն վրա, կեղծ ադամանդներով զարդարված պչրուհիի մը նման։ Սլացիկ մինարեները՝ մզկիթներու գմբեթներով, միանալով նոճիի խումբերուն հետ, կարծես անջատ ծաղկեփունջեր կկազմեին և հետզհետե կմթագնեին։ Գիշերը կիջներ այդ բոլորին վբա սև պատանքի պես։ Բյուզանդական պարիսպներու մնացորդները, դեղին և փտած ատամներու նման, ինչպես զմռսված գազանի երախի մեջ, կցցեին իրենց ժանիքները, անսահմանորեն անզոր, բայց քարացած, հոշոտելու արտահայտության մեջ։

Շոգենավը անզգալիորեն դարձավ իր վրա. առանց իրենց տեղեն շարժվելու Բարպան և Միհրանը տեսան մթնշաղին մեջ յոթ բլուրներր, ծանրաբեռնված անհամար տուներով, ցավերով, ահով և վիշտերով։ Վերջին անդամ մըն ալ երկուքն ալ կրկին անցանք թեև տարբեր ճամփաներե, իրենց ընտանի փաղոցներեն, տեսան անկյուններ և սրճարաններ, ծանոթ և սիրելի դեմքեր, որոնք արագորեն կաղոտանային, կարծես ոչ թե իրենց հիշողության մեջ, այլ գույները և ձևերը կազմալուծող գիշերին մեջ, որ այլևս կտիրապետեր մթնոլորտին։

Շոգենավը, դուրս գալով Վոսփորեն, մտավ Մարմարային լայն ջուրերը. այն ժամանակ մեքենաներու ռիթմական աղմուկը դարձավ ավելի հևքոտ, և շոգենավին տատանումները՝ ավելի զգալի։

                                 *
                               *   *

Կամրջակին վրա Վիկտորյան իրենց հատկացված տեղը կարգավորեր Էր կարծես հրաշքով։ Անկողինները դրեր Էր իրար վրա և կազմեր Էր տեսակ մը բազմոց, որը ծածկեր Էր մաքուր սավանով. երկու կողմերը և ետևը բարձեր, որոնք կկռթնեին շուրջանակի շարված արկղներու, կուտային այդ անկյունին բացօթյա, բայց հանգստավետ խցիկի երևույթ։