Հուշիկ ետև դարձավ և, տեսնելով քաղաքապահ ոստիկանները, հոգվույն խորքեն հուզվեցավ. ասոնք էին դեմոկրատական երկրի կարդերու պահապանները… անոնց հսկա հասակները, անայլայլ ածիլված դեմքերը, մաքուր և վայելուչ համազգեստները գրավական էին անոնց ուժին և իր երազներու երկրի հզորության։ Եվ հարգանքի համար Բարպա Խաչիկը իր կիսատ սիգարեթը գետին նետեց և ոտքովը ճզմեց անոր վառ գլուխը։
Սկիզրները մաքսային քննությունը անցավ բավականին հանդարտ, երկար սեղանի վերի ծայրեն, բայց հանկարծ աղմուկ բարձրացավ։ Տարեց կին մը, իր երկու բազուկներով և կուրծքովը պաշտպանելով մաշած գորգ մը, լացող ձայնով կըսեր.
—Պապայես, դեդեես մնացած խալի է, քա՛, ուրիշ բան մը չունիմ իշտե… խոսք հասկցուցեք,— կըսեր ան միջնորդներուն դառնալով,— ոտքերնիդ պագնեմ…
Միհրանը դանդաղորեն մոտեցավ կնոջը։
— Ի՞նչ է, մայրիկ,— ըսավ ան մեղմ ձայնով։
Կինը պնդեց, որ այդ գորգը իր անձնական գույքն Է, ծախելու համար չէ։
Միհրանը ուրախ, որ կրնար պաշտպանել կինը, ըսավ մաքսային քննիչին մաքուր ֆրանսերենով.
—Կնոջը անձնական գույքն է, օրենքը թույլ կուտա…
Մաքսային պաշտոնյան ջղագրգռվեցավ թե՛ Միհրանին միջամտութենեն, որով միջնորդ թարգմանին խոսքը կտրեց, թե՛ անոր մաքուր, գրական ֆրանսերենեն և, մանավանդ, այն բանեն, որ օրենքի անունով կխոսեր։
—Քիչ մը խառնվե քեզ վերաբերող գործերուն,— ըսավ ան դեմքը ծամածռելով,— անցի՛ ր…
Միհրանը հիշեց Ղալաթիո քարափին վրա ունեցած միջադեպը ֆրանսիացի զինվորներու հետ թուրք պատանիի մը համար և զայրույթեն շառագունեցավ։ Բարպան, որ հեռուեն հիացումով կդիտեր, թե ինչպես Միհրանը սահուն ֆրանսերեն կխոսեր, չի հասկցավ, թե ինչու ան լռեց հանկարծ և կարմրեցավ. բայց մաքսատան պաշտոնյան գրգռվեր էր և շարունակեց.