Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ Միհրանը պարտեզին դռանը հասավ, հրեուհիները ալեկոծվեցան և ուզեցին ցանկապատեն անցնիլ և խուժել իրենց վրա, բայց շուտով ընկրկեցան՝ տեսնելով, որ եկողը հյուր է և չէր կրնար դեր ունենալ կատարված գարշելի արարքին մեջ։ Բայց այդ միջոցին Միհրանի աչքերը հանդիպեցին պատկառելի ծերունիի մը, կորաքամակ և դժգույն, երկար ճերմակ մորուքով, որուն հանդիմանական և տխուր նայվածքը ծանրորեն, խստորեն և արհամարհանքով ինկավ իրեն վրա։

Միհրանին հայրը հիվանդացեր էր և հազիվ թե ապաքիներ։ Անիկա այլևս անկարող դարձեր էր աշխատանքի և կյանքը քարշ կուտար քրոջը խիստ քննադատական նայվածքին տակ։

— Բա,— կըսեր ան, գլուխը թափ տալով հաչան շան նման և շիլ աչքը սևեռելով առաստաղին, մինչ մյուսովը կնայեր Վիկտորյային,— էրիկ մարդ ըսածդ առտուն պիտի երթա, իրիկունը պիտի գա։ Աս մարդը կնիկ ապլա եղեր, պուճախս անցեր է։ Ամեն առտու կըսեմ՝ գնա, բան մը ըրե, քիչ մը շարժվե․․․ որո՞ւ կըսես։

Վիկտորյան մեղմ ձայնով հարցումներ կուղղեր և կջանար զինաթափ ընել Իպրաքսեն, որ նույնիսկ լռած ժամանակը չէր դադրեր հարձակողական ըլլալե։ Անոր վարի կզակին վրա առանձին մնացած դեղին և փտած ատամ մը կշեշտեր անոր խեռ արտահայտությունը։

Բայց վերջապես անիկա խոստովանեցավ, որ ուստա Հայրապետը, որ խոր ծերության մեջ էր, չէր մոռցեր իր վաղեմի աշխատավորը և երբեմն–երբեմն քանի մը ղրուշ կղրկեր Սահակին։ Ան հոգացեր էր նաև հիվանդության ժամանակ և միջնորդեր էր թաղի աղքատախնամին մոտ, որպեսզի հոգան անկար դարձած երկաթագործին պետքերը։

— Աղքատախնամը դժկամակեցավ,— ավելցուց Իպրաքսեն,— կըսեն կոր, անկե կարոտները կան, աղբարդ ունևոր ազգական ունի։

Իպրաքսեի շիլ նայվածքը իջավ առաստաղեն, սևեռեց Վիկտորյան։

— Քա՛, ունևոր ազգականը ի՞նչ խեր ունի թշվառին,—