հարեց անիկա ավելի փրփրելով,― կույր աչքեն արցունք կսպասվի՞․․․ անոնք ի՞նչ գիտեն, որ Սահակին ազգականը օռոսբիներուն հետ կուտե վաստակածը, աչք ունի՞ մեր վրա նայելու։
Այս խոսքերուն վրա Վիկտորյան շառագունեցավ․ անոր կուրծքը կբարձրանար հուզմունքեն․ խորապես հառաչեց, բայց ինչպես եթե իրավացի գտներ Իպրաքսեի խոսքերը, հանկարծ դարձավ հեզիկ և վախվխելով գրպանեն հանեց չորս մեջիդիե ու դրավ Իպրաքսեի կողքին, բազմոցին վրա, ըսելով․
― Բարպան ղրկեց, ես նորեն կխոսիմ Բարպային, ձեզի անօգնական չենք թողուր։
Հետո Վիկտորյան ոտքի ելավ մեկնելու համար։
Բայց Իպրաքսեն, արծաթ դրամները տեսնելով, իր թափը կորսնցուց և դժվարով թուքը կուլ տալով ըսավ փոխված ձայնով․
— Քա՛, վերի օդան երթանք, խահվե մը խմենք։ Այդ խոսակցության ընթացքին Միհրանին սիրտը կսեղմվեր կարծես աքցաններու մեջ։ Կատեր իր հորաքույրը բոլոր հոգվովը։ Անոր խոսելու կերպը, չարաբաստիկ գլուխը վտիտ վզին վրա, մեջքի գոտիին մեջ հավաքած քղանցքը, որ անոր ամեն մեկ շարժումեն ճենճի և դեռ ուրիշ անմաքրություններով տարտամ հոտ մը կսփռեր, բայց, մանավանդ, անոր ձայնի որոշ շեշտը, դառնորեն կհիշեցնեին իրեն անցյալ տխուր օրեր և ներուժ կերպով կմտածեր մորը մասին, որուն ոսկորները կփտեին հինավուրց գերեզմանին պարարտ հողին մեջ և որուն անունն իսկ այլև չէր արտասանվեր, ինչպես եթե երբեք գոյություն ունեցած չըլլար․․․ Խոր տխրություն մը գրավեր էր Միհրանի հոգին, որովհետև անզոր էր գոնե որևէ փոփոխություն մտցնելու հորը անփառունակ վիճակին մեջ։ Գիտեր, որ հայրը, թեև շատ խոնարհ մարդ, իր հպարտությունն ուներ, և անիկա հաճախ կսիրեր ըսել, որ դժվարավ, ընտանիքը, այժմ արդար վաստակով կպահեր իր տունը, իր աղքատիկ ընտանիքը, այժմ այդ նույն մարդը, ամբողջ իր կյանքի ընթացքին աշխատելե հետո, կարոտ մնացեր էր աղքատախնամին և Իպրաքսե քրոջը։