Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խարտոցի նման անհարթ ձեռքին, երբ անիկա իր ազատ ձեռքը դրավ տղուն գլխին և գոչեց աղիողորմ ձայնով.

— Նունի՜կ, ո՞ւր ես, Նունի՜կ։

Վիկտորյան նույնպես հուզված էր և սկսավ հունարեն բառեր ըսել, ինչպես այդ կպատահեր, երբ անիկա որևէ գերագրգռության մեջ էր։ Հետո սկսավ խոսիլ մեղմությամբ և գորովանքով Միհրանի մորը մասին, ըսելով, թե հիմակ ինչքան գոհ պիտի ըլլար զավակը տեսնելով, հասակ նետած, քիչ մը նիհար, ճիշտ է, բայց նրբակազմ, կարծես թե քիբարի որդի ըլլա։

Վիկտորյան և Միհրանը հեռացան Իպրաքսեի տունեն խորտակված սրտով և քայքայված ջիղերով։ Վիկտորյան, պահելով միայն շոգենավի տոմսակներու համար վաթսուն փարա, իր մոտ եղած բոլոր մանրուքները դրեր էր Սահակի ձեռքը, զգալով, որ Իպրաքսեին տված մեճիդիեներեն բաժին չի կրնար ելլել անոր։ Վերադարձի ճամփուն վրա, հետզհետե զովացող քամիին հարվածներեն մտրակվելով, անոնք շուտ-շուտ կքալեին, կարծես փախչելով հալածող դժբախտութենե մը։ Շոգենավին մեջ կրկին իրարմե բաժնվեցան, բայց երբ հասան եվրոպական ափը, կարծես երկուքն ալ ազատվեցան ճնշիչ բեռե մը։ Պահ մը կեցան կամուրջին վրա և դիտեցին Վոսփորի կապույտ ջուրերը և անհամար շոգենավերը, որոնք խարիսխ նետեր էին կամ կեցեր էին Ղալաթիո քարափին առաջ՝ իրենց բազմազան դրոշակներով։ Հեռուեն կլսեին, մարդկանց բազմության խաժամուժին մեջ, բեռ վերցնող կամ բեռ իջեցնող մեքենաներու շղթաներուն գահավեժ աղմուկը և կռինչը։ Հանկարծ, մեկնող շոգենավ մը երկարորեն և եղերականորեն սուլեց, և որուն թավ կանչը վերադարձավ ամեն կողմերե՝ աստիճանաբար մարող արձագանքներով։

Վոսփորի դիմացի ափին Սկյուտարը կսկսեր փալփլալ իր անհամար մեղմ լույսերով. նոր իջնող գիշերվան խտացող կապույտին մեջ անիկա կկուտակվեր իր ճերմակ մինարեներով, մթին նոճիներով, հետզհետե բարձրացող տուներով, և ան կթվեր այսպես, հեռավորության մեջ, հեքիաթային և երազային աշխարհ մը։