պատրաստել։ Անիկա միևնույն ատեն կխոսեր կրած և դեռ կրելիք նեղություններուն վրա, բայց ավելի հանդարտ ձայնով։ Ամուսինը վաղուց մեռած էր գործի մեջ արկածի մը զոհ էրթալով։ Ան ալ երկաթագործ էր և կաշխատեր Սկյուտար հույն վարպետի մը քով։ Անիկա կնոջը թողեր էր երկու տուն, որուն մեկի մեջ կապրեր այրին և մյուսը, որ ավելի մեծ էր, վարձու կուտար, և այդ էր իր ապրուստի միջոցը։ Բայց այս տարի վարձվորները փոխադրվեր էին Բերա։
—Ի՞նչ են տեսեր այդ Բերային մեջ,— կըսեր Իպրաքսե զայրույթով և անձնական վիրավորանք համարելով Սկյուտարեն հեռանալու փափագը։— Տունս երկու ամիս պարապ մնաց, վարձը իջեցուցի. դուն ան նայե որ նոր վարձվորները նեղն են․ ատ ալ չեն կրնար կոր ժամանակին վճարել։
Միհրանը անհամբերութենեն կերթևեկեր սենյակին մեջ։ Իպրաքսե հորաքույրը խոսքն ուղղակի անոր ուղղելով՝ շարունակեց.
— Քանի հարըդ կաշխատեր, գեշ֊աղեկ կապրեինք, անոր հիվանդությունը, բայց, մանավանդ, անգործությունը, ինձի մոխիրի վրա նստեցուց։
Այդ միջոցին Միհրանին հայրը մտավ սենյակ։
Անիկա անճանաչելի ըլլալու չափ փոխվեր էր։ Չածիլված դեմքին վրա, ճերմակ և դեղին ցցուն ստևներուն տակ այտերը խոռոչացեր էին, աչքերը մարեր էին։ Կորաքամակ և տքալով, անիկա հառաջացավ սենյակին մեջ, լուռ բարևեց Վիկտորյային և գնաց նստեցավ բազմոցին վրա։ Միհրանը գնաց հորը մոտ և ձեռքն ուզեց՝ համբուրելու համար։ Հայրը նախ չհասկցավ, երկու քովերը նայեցավ, հետո դժվարավ ելավ տեղեն, կարծելով, թե տղան որևէ բան թողուցեր է այնտեղ։ Անիկա կնայեր տղուն, ոտքեն մինչև գլուխը գնալով, շրթները պրկած, նայվածքը շփոթ, և երբ վերջապես հասկցավ, որ տղան կուզե իր ձեռքը համբուրել, հուզմունքեն կարմրեցավ, աչքերը խոնավցան, և կոկորդեն դուրս եկան քանի մը անիմանալի վանկեր, որոնց խռպոտ աղմուկը կորավ հազի տագնապի մը մեջ։
Միհրանին շրթները հազիվ դիպած էին հորը պաղ և