Էջ:Բարպա Խաչիկ.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարպան և դեմիրճի Հակոբը նստեր էին սեղանին առաջ և օղի խմելով կսպասեին ատաղձագործ Ղուկասին, որ կուշանար։

Վիկտորյան խոհանոցը ձուկ կտապակեր, իսկ Միհրանը իր սեղանին առաջ, որ դրված էր պատին դիմաց, կարդալ ձևացնելով կհետևեր խոսակցությանը։

Առաջին օրերին Բարպայի ընկերները մեծապես հետաքրքրեր էին Միհրանը։

Այլևս հմայք չուներ Միհրանին համար երթալ խաղալ իր տարեկից տղոց հետ, ինչ որ, սակայն, երբեմն կպատահեր տակավին։ Թերևս նաև Միհրանին հետաքրքրության մեջ կար հպարտության անկշռելի զգացումի մը բավականությունը, քանի որ Բարպան և իր ընկերները հորն արհեստեն մարդիկ էին, բայց բոլորովին ուրիշ էին։ Ինչքան հայրը հեզ էր, գլխին զարնված, այնքան այս մարդիկը ուժեղ էին, ինքնագիտակից և հպարտ իրենց արհեստով։

Երբ Սկյուտարի փողոցներու մեջ Միհրանը կհանդիպեր դպրոցական ընկերներու իրենց շուկայի հորը հետ, կկարծեր, որ աշխարհիս ամենաբարձր մարդիկն այդ մաքուր հագված մարդիկ էին, որոնք մարդու մեջ կրնային ելլել առանց ամչնալու։ Իսկ ի՞նքը․․․ ու հա՞յրը, մրոտած ձեռքերով, յուղոտած ֆեսով և անճրկած երևույթով․․․ իսկ այժմ Միհրանը կտեսներ, որ ոչ միայն Բարպան, այլև Վասիլը, դեմիրճի Հակոբը, ատաղձագործ Ղուկասը և դեռ այնքան ուրիշներ, հորը էսնաֆեն մարդիկ, կապրեին ոչ միայն բարեկեցիկ այլև հպարտ և պատրաստ պայքարի մտնելու իրենց գործատերերուն հետ։

Դեմիրճի Հակոբը ծնած էր Խասգյուղ։ Հայրը պայտար էր և մինչև խոր ծերություն անիկա աշխատած և ընտանիքը լավ պահած էր, բայց երբեք չէր հաջողած իր սեփական գործն ունենալ, «իր գլխուն տերը ըլլալ», ինչ որ իր երազն էր։ «Հարըս ձեռքը բաց մարդ էր», կըսեր Հակոբը, կես հիացումով, կես քննադատաբար և չէր անդրադառնար, որ ինքն ալ հորը նման էր։