Հակոբը մոտ երեսունհինգ տարեկան, կարճահասակ և թիկնեղ մարդ էր, աղյուսի գույն կարմիր երեսներով, ճոխ պեխերով, որոնց շնորհիվ ստացեր էր Բալապըյըխ մակդիրը։ Անիկա ուրախ և շեն սրտով մարդ էր, հեգնող և զվարճախոս։ Հակոբը ծիծաղելի և զվարճալի բաներ կգտներ այնտեղ, ուր ուրիշները ոչինչ չէին նշմարեր, և անոր լիաթոք, ազատ և հնչուն ծիծաղը կթնդար սրճարաններու և գարեջրատուներու մեջ, վարակիչ ուրախություն պատճառելով։
— Բալապրյըխը,— կսեին իր ընկերները,— մեռելն անգամ կխնդացնե։
Բարպան, որ, ընդհակառակը, լուրջ և «շուքը ծանր» մարդ էր, կսիրեր Հակոբի ընկերակցությունը, և երբ անիկա կկոնծեր, կպատմեր և կծիծաղեր, Բարպան կլսեր այդ բոլորը բարեհաճ և զուսպ ժպիտով։
Բայց երբեմն Հակոբը բուռն զայրույթներ կունենար։ Այն ատեն անոր աղյուսագույն դեմքը կշառագուներ վառ֊կարմիրով․ «երեսին կարմիրները գետին կկաթին կոր», կըսեին ընկերները. անոր ծոծրակը ծալք֊ծալք կըլլար, աչքերը թավ և հառաջացած հոնքերուն տակ խոհուն կդառնային, ինչպես լարված թակարդներ, և աջ ձեռքին հաստ մատները, ջղային արագությամբ կշոյեին պեխերուն աջ և ձախ փունջերը։
Կըսեին նաև, որ այդ կարճահասակ և թիկնեղ մարդը օժտված էր ֆիզիկական անսովոր ուժով։ Համիդյան ծանր օրերուն անիկա իր պարզ տեսքովը հեռու կվաներ աշխատանոցեն և արհեստավորներու սրճարաններեն լրտեսները, կաշառակեր ոստիկանները և ամեն տեսակի սինլքորները։ Անգամ մը, նույնիսկ, խոյի պես, գլուխն առաջ, հարձակեր էր փաշայի մը տղուն վրա, երգեցիկ սրճարանի մը մեջ, որովհետև անիկա համարձակեր էր Հակոբի ընկերակցող հույնի մը հավատքին հայհոյել, երգչուհիին դեպի այդ ընկերները ցույց տված նախասիրության պատճառով։
Դեմիրճի Հակոբն այդ արարքին հետևանքներեն ազատեր էր— բռունցքն իջեր էր բեյզադեին քթին, բերնին, ինչպես ծանր մուրճը սալին վրա— հուրիյեթի հայտարարությամբ։ Կըսեին Հակոբի համար, այդ և ուրիշ դեպքերու ակնարկելով, որ տարօրինակ կերպով բախտ ուներ, բայց անիկա