Կըսեին, որ իր գործին հետ կծեծկվի, իր հետ աշխատող բանվորները և աշակերտները կպահե ահաբեկման մեջ, բայց խղճամիտ հոգածությամբ արհեստին բոլոր նրբությունները կսորվեցնե: Իր քով սորված արհեստավորները ձեռքե-ձեռք կքաշեին։
Բարպան շատ լավ կարծիք ուներ անոր մասին և հաճախ կըսեր.
— Դուք անոր ժանգոտ երեսին մի նայիք, ոսկի սիրտ ունի․․․
Ղուկասը ուշ ամուսնացեր էր և միակ, դեռ փոքր, մանչ մը ուներ, որուն հետ երբեմն, կիրակի օրերը, կերևար Բանկալթիի ճատտեյին վրա, բայց միշտ խոժոռ, ձմեռը վիզը փաթտած լայն և գորշագույն շալ մը, ամառը փողկապը և օձիքը հանած, տոթեն տագնապող մարդու երևույթով։ Ղուկասի առանձնահատկություններեն մեկն ալ այն Էր, որ ան ո՛չ կխմեր և ոչ ալ կծխեր, և եթե անտեղյակ մեկը պնդեր, բուռն կերպով կզայրանար, ինչպես եթե նախատական ակնարկություն մը ըլլար իրեն: Միակ հաճույքը կաֆեն էր, որը Վիկտորյան մեծ խնամքով կպատրաստեր մեկ բաժականոց պղինձե ճեզվեով, մաղմաղ կրակի տաք մոխիրին մեջ։ Երբ ճեզվեին մեջ կաֆեն կբարձրանար, Վիկտորյան պուտ մը պաղ ջուր կկաթեցներ, որպեսզի դիրտը տակը նստի, և կաֆեն կրկին կբարձրացներ, որպեսզի սեր ունենա։ Ղուկասը կգնահատեր Վիկտորյային պատրաստած սուրճը և կխմեր ումպ֊ումպ, դուրս ցցած շրթներովը ներս քաշելով բուրումնավետ ըմպելին և գոհունակության մրմունջներ արձակելով։
Վիկտորյան կհրճվեր Ղուկասի գոհունակությունը տեսնելով և եթե խոհանոցը ստիպողական գործ չունենար, կդանդաղեր սենյակին մեջ, որպեսզի իր գնահատականն ստանար։
— Աղվոր գնաց,— կըսեր Ղուկասը, առանց իր խոժոռ դեմքը պարզելու,— ձեռքդ դալար, Վիկտորյա։
— Անուշ համեցիք,— կպատասխաներ Վիկտորյան և սուրճի բաժակը վերցնելով կհեռանար՝ առանց ուշադրություն ընելու Ղուկասին հեգնող նայվածքին, որ ատաղձագործին համար ժպիտի տեղ կբռներ։