Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տասներկու տարեկանին Ղուկասը աշկերտ մտեր էր ատաղձագործի մը քով, բայց ունենալով ուսմունքի սեր և ատելով իր խման հայրը, փախեր էր տունեն և միջոցը գտեր էր ուսմունքը շարունակելու, միևնույն ատեն աշխատելով ասդին֊անդին, պատահական գործերու մեջ։ Անիկա նույնիսկ դերասանություն ըրեր էր Վարդովյանի խումբին մեջ։ Երբ Ղուկասի բացակայության այդ մասին ակնարկություն կըլլար, Հակոբը կըսեր՝ լիաթոք խնդալով.

— Անպատճառ հակառակորդի դեր կխաղար, ատոր համար ծնած մարդ է․․․

Ոչ ոք չէր գիտեր, սակայն, որ Ղուկասը չարաչար տառապած էր իր մանկության և պատանեկության տարիքներուն, բիրտ, խաղամոլ և արբեցող հորը պատճառով։ Այդ անգործ հայրը կերեր էր կնոջը օժիտը եղող սեփական տան գինը, ամեն ինչ տարեր ծախեր էր, մինչև անկողնի սավանները, մինչև անկողինները։ Ահռելի և անօգնական թշվառության մեջ մայրը մեռեր էր թոքախտե։ Ղուկասը միշտ քստմնելով կհիշեր հորն այլանդակված դեմքը մանավանդ այն պահուն, երբ օղիի դատարկ շիշը կուտար տղուն ձեռքը, որպեսզի երթա գինետունեն ապառիկ օղի բերե։ Փոքրիկ Ղուկասը, փողոցին անկյունը կեցած, ձյունին, ցուրտին, պատռտած հագուստներով, ծակած կոշիկներով, ատամները կկրճտեցներ և հեծեծագին կուլար. գիտեր, որ հակառակ իր կամքին թույն պիտի տաներ տուն, գիտեր, որ հայրը, արդեն գինով, այդ շիշ մը օղին ալ խմելով պիտի դառնար կատաղի և ամեն բրտություն կատարելու կարող. անիկա նույնիսկ հոգեվարքի մեջ եղող կինը ծեծեր և թևեն բռնելով դուրս էր քաշեր անկողնեն։ Ղուկասը տառապող երեխայի կանխահասությամբ կդատեր կացությունը և անդիմադրելի նողկանք կզգար այդ զզվելի գինետունը մտնելու, հորը պատկերով մարդիկ տեսնելու և, մանավանդ, ճարպակալած Պանայիթին ծաղրանքին ենթարկվելու, ուրկե ապառիկ օղի պետք էր խնդրեր։ Անիկա իր բոլոր հոգվովը կտառապեր և կմտադրեր այդ անիծյալ շիշը քարի մը զարնել, ջախջախել և փախչիլ, բայց չէր համարձակեր։ Անիկա կսոսկար տունեն, կսոսկար գինետունեն և կդողդղար փողոցին անկյունը կեցած, ամչնալով