Զարեհ էֆենդիին աշխատանոցը իբրև վարպետ ատաղձագործ։ Մինչ այդ քույրը մեռեր էր թոքախտե, և Ղուկասը ամուսնացեր, նոր ընտանիք կազմեր էր։
⁂
Անմիջապես, որ Ղուկասը սենյակ մտավ, Բարպան և Հակոբը հարցական ակնարկներ ուղղեցին անոր։
— Ապոստոլը աղեկ չէ,— ըսավ ան խռպոտ ձայնով, որ կարծես թե պիտի ընդհատվեր հազի տագնապով։ Բայց այդ Ղուկասի բնական ձայնն էր։
Հետո նստեցավ, ումպ մը ջուր խմեց, կանանչ ձիթապտուղ մը առավ և պատառ մը հաց կուլ տալով` պատմեց:
Բժիշկը փտախտի կասկածելի նշաններ տեսեր էր Ապոստոլի ոտքին վրա. պետք էր բժշկական խորհրդակցություն կատարել: Ապոստոլին այրի մայրը չէր ուզեր, որ տղան հիվանդանոց փոխադրվի, մանավանդ, երբ լսեր էր, որ թերևս հարկ ըլլա Ապոստոլին ոտքը կտրել։
Շատ Ժամանակ անցուցինք, ճանըմ,— ըսավ Հակոբը, ոտքի վրա վերքը ատանկ է, բան կհանե․․․ տեսա՞ր մի եղածը,— ավելցուցեց անիկա, ծանրորեն մտածելով պատահածին,— է՛հ, հիմա ի՜նչ պիտի ընենք։
— Մինչև հիմա հոգացինք,— ըսավ Բարպան,— ըսենք թե մինչև աղեկնալը դեռ հոգանք․․․
— Վասիլն ըսավ, որ,— հարեց Հակոբը,— Արիստաքիի բանվորներն այլ հանգանակություն պիտի ընեն, բայց եթե ոտքը կտրեն, Ապոստոլը անկարող ըլլա աշխատանքի, ատիկա ցմահ խնդիր է, մենք մեր վրա չենք կրնար առնել, կըսե կոր Վասիլը։ Պետք է, որ, կըսե կոր, խազաբելայի համար սնդուկ մը ունենանք։
— Ինչպե՞ս մենք մեր վրա պիտի առնենք,— ըսավ Ղուկասը ցասումով,— այսօր կանք, վաղը չի կանք․․․ Հեմ ալ հաշիվ պետք է ընել, մինակ Ապոստոլը չէ, գործ է, ամեն ատեն ատանկ վտանգ կրնա պատահիլ։ Ատ ըսած սնդուկդ ալ,— ավելցուց անիկա՝ Հակոբին դառնալով,— ինձի ալ խոսեցավ, ատիկա մալիխյուլյա է, ըլլալիք բան չէ։ Մեյ մը շուրջ բոլորդ նայե, մեր գործը չէ: