անցորդներեն, ամչնալով ընկերներեն, որոնց կարող էր հանդիպիլ: Եվ այդ բոլոր հակասական զգացումներուն կտիրապետեր սարսափը, եթե Պանայիթը մերժեր ապառիկ տալ, և ձեռնունայն տուն վերադառնար․․․ ուր իրեն կսպասեին արյունակալած աչքերով հորը բռունցքի հարվածները, և ոչ միայն իրեն, այլև փոքրիկ քրոջը և հիվանդ մորը, որ մինչև վերջին շունչը տառապեր էր և հոգին փչեր էր անկողնին մեջ ցցված և անեծքը շրթունքին։
Մորը մահեն հետո Ղուկասը, վերջապես, իրիկուն մը ջախջախեր էր հորը օղիի շիշը քարի մը վրա և փախեր էր։ Վեց տարի հետո միայն, երբ հայրը մեռած էր, Ղուկասը գտեր էր քույրը, որ նույնպես թոքախտավոր էր։ Անիկա սենյակ մը վարձեր էր Բերայի մեջ և մտադիր էր խնամքով և հոգածությամբ քույրը փրկել վաղահաս մահեն։ Անիկա ոչ մեկ որոշ գործ չուներ և ստիպվեր էր գլուխը զարնել ասդին֊անդին, մինչև անգամ բեռնակրություն ըրեր էր քույրը պահելու համար, բայց հազիվ կարողացեր էր սենյակին վարձքը վճարել և չոր հացի մր փարան վաստակիլ: Մորը ազգականները՝ շուկայի մարդիկ, պատրվակելով, որ շատ անգամ հասեր էին մորը, կմերժեին որևէ նյութական և բարոյական աջակցություն։ Ուր որ կներկայանար Ղուկասը, խաղամոլ և արբեցող հորն այլանդակ պատկերը կընկերանար իրեն, և մարդիկ որևէ գործ հանձնել կմերժեին <«ատ մարդու տղուն»: Եվ ահա օր մը, երբ եբենագործ ֆրենկի մը ապրանքը փոխադրելու համար ներկայացեր էր որպես բեռնակիր, Ղուկասը հիշեր էր, որ ժամանակով ատաղձագործի քով աշկերտ եղած է։ Եբենագործը առեր էր Ղուկասը իր քով և շուտով անդրադարձեր էր երիտասարդին ընդունակություններուն։ Այդ մարդուն քով Ղուկասը սորվեր էր նուրբ արհեստը։ Մինչև եբենագործին Պոլսեն մեկնիլը, ուր այլևս գործ չի կար, քանի որ շքեղ կարասիները շինված կփոխադրվեին Եվրոպայեն։ Ղուկասը մնացեր էր այդ ազնիվ մարդուն քով, որուն հայրը՝ Ֆոպուրկ Սեն֊Անտուանի կահագործներեն, Ֆրանսիայեն իբր տարագիր եկեր էր Թուրքիա, Փարիզի կոմունարներու շարժումին մասնակցած ըլլալուն համար։
Ղուկասը քիչ մը ատեն անգործ մնալե ետքը մտեր էր