Մինչև լուսաբացին, մինչև որ հարևան պարտեզներու մեջ աքլորներն սկսան երգել, Միհրանը չկրցավ աչքերը գոցեր։ Բարպան ալ երկար ատեն արթուն մնաց․ Միհրանը անոր շնչառութենեն կհասկնար, որ մորեղբայրը ոչ միայն չէր քնացած, այլև հոգ մը ուներ։ Երբեմն անիկա ամբողջ մարմնով կդառնար մեկ կողեն մյուսը, և բազմոցին տախտակները կճարճատեին։ Վերջապես, Բարպան ոտքի ելավ և, բաց պատուհանին առաջ նստած, սկսավ անընդհատ ծխել։
Միհրանին քունը փախեր էր ուրախութենեն։ Մեծ կղզի երթալու հեռանկարն անբավ երջանկություն կպատճառեր անոր։ Հասկցեր էր նաև, որ Վիկորյան ուզեր էր, որ ինքը Բարպային ընկերանա, որպեսզի իր ներկայության խոսք բացվի և կոլեջ մտնելու հարցը լուծվի։ Այս բոլորին մտածելով, Միհրանն անտարբեր էր Բարպայի մտահոգություններուն, որոնք կվերագրեր միայն Ապոստոլի վիճակեն ներշնչված գթության։ Միհրանը անսիրտ տղա չէր, բայց Ապոստոլին պատահածը այլևս հին պատմություն էր, որուն համար նոր հուզմունք չէր կրնար ունենալ։ Միայն կղզիները տեսնելու հույսը, որոնց մասին շատ լսեր էր, կախարդական ազդեցություն կգործեր պատանիին վրա։ Սիրտը կլողար երանության մեջ, և ջանք կըներ չքնանալու, որպեսզի այդ երանությունը լիուլի վայելե։ Միհրանը չէր կրնար գուշակել, որ այդ միջոցին Բարպան տագնապի մեջ էր, և թե այդ կղզի երթալու ծրագիրը, որն ընդուներ էր Վասիլի պնդումով, սիրտը կսեղմեր անձկությամբ։ Բարպան Վասիլի հետ առանձին և մտերմաբար խոսելե հետո մատնվեր էր տարակուսանքի, անիկա մնացեր էր երկու կրակի մեջ և չէր կրնար որոշել իր բռնելիք ճամփան, որովհետև այն, ինչ որ հանձն առեր էր պահանջել Ճիզվիտեն, կզգար, որ գործնականապես իրագործելի չէ տվյալ պայմաններու մեջ։ Բայց բոլոր ընկերները վստահեր էին իրեն և համոզված էին, որ միայն Բարպան կրնար Ճիզվիտին քիթը կոտրել, զիջումի հարկադրել։
Բարպային վայելած համարումը և վստահությունը ոչ միայն բացարձակ էր, այլև արդար կերպով հիմնավորված էր։