Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կքաշվեր և, արմունկը դրած պատուհանի եզրին, գլուխը կռթնցուցած ափին, կշարունակեր սպասել անտրտունջ։

Շաբաթ իրիկուն էր, և երբեմն հեռավոր սրճարաններե կուգային լաթերնայի հնչյունները, որոնք, կարծես թե, գույնզգույն ուլունքներու պես կգլորվեին։ Հեռավոր պարտեզներե, քամիի թևերով, կհասներ ամառային ծաղիկներով տարտամ բուրումը։ Առանձին շուն մը սկսավ հաչել բամբ ձայնով, նախ՝ հապճեպ, հետո՝ կարճ ընդհատումներով։ Անիկա, կարծես, կարևոր բան մը կհաղորդեր, բայց ո՛չ մարդիկն արձագանք տվին անոր և ո՛չ ալ շուները։ Հետո զգալի դարձավ վհատած անասունին խուսափուկ անցքը փողոցեն, մազոտ ոտներու թավ հպումներով։

Միհրանը դարձյալ քնացեր էր։ Երբ աչքերը բացավ, Բարպան բազմոցին վրա, Վիկտորյայի քովը նստած՝ կխոսեր ցած ձայնով։ Սենյակը մութ էր, և անոնք կկարծեին, որ Միհրանը քնացած է ու կզգուշանային արթնցնելու։ Բարպան կպնդեր, թե ուտելու ախորժակ չունի, մեղեով կշտացած է։ Հետո հայտնեց կնոջը, որ հետևյալ օրը Մեծ կղզի պիտի երթար, Զարեհ էֆենդիին այցելության։

Վիկտորյան ըսավ.

— Չոճուխին ալ հետդ տար, օդ մը կառնե։ Ամբողջ ամառը Բեյօղլուեն[1] դուրս չեկավ։

— Լուրջ գործ ունիմ, Վիկտորյա,— առարկեց Բարպան թույլ կերպով։

— Քեզի ի՞նչ վնաս կուտա Միհրանը,— ըսավ Վիկտորյան,— գույնը նետեր է, ծովի վրա ճամփորդությունը աղեկ կուգա չոճուխին․․․

Պահ մը լռութենե հետո Վիկտորյան ավելցուց.

— Քովդ ի վեր ալ ձայն մը կըլլա։

Բարպան այլևս չառարկեց։

Բարպան պառկեցավ դիմացի բազմոցին վրա, և Վիկտորյան, հոգնութենեն մուճակները գետնին քսելով, գնաց դուրսի սրահը, ուր դրեր էր իր մահճակալը։

  1. Բերայի հին անունը։