Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եվրոպական գաղափարներ աշխատավորներու իրավունքներու մասին։ Դպրոցական տարիներեն լսված խոսքեր, Իզմիրի և Պոլսո հրատարակչականներու ֆրանսերենե թարգմանությունները շատերը կարդացած էին և դեռ կկարդային, եվրոպական դեմոկրատական շարժումները, որոնց երբեմն խեղաթյուրված, երբեմն ճիշտ արձագանքները հասեր էին, բայց, մանավանդ, իրենց ապրած կյանքին, մասնավորապես համիդյան շրջանին գռեհիկ անարդարությունները, տեղի ունեցած կամայականությունները, խժդժությունները մղեր էին այդ պարզ մարդիկը մտածելու, որ այդ այդպես չէր կրնար ըլլալ ամեն տեղ և ամեն ժամանակ։ Մնաց որ մեծ շոգենավերը, կարծես թե, օտար ապրանքներու հետ ներմուծեր էին սկզբունքներու սերմեր, որոնք արդարության ծարավի մարդոց մեջ հող էին գտեր, բայց ուռճացեր էին՝ յուրաքանչյուրրին մեջ տարբեր արդյունքներ տալով։

Այդ բոլորը զարտուղի ակոս մը բացեր էին Խաչիկի մտածողության մեջ։ Անիկա շատ կանուխեն, դեռ պատանեկան տարիներեն, ուժգնորեն ըմբոստացեր էր իր միջավայրի անարդարություններուն դեմ և ապաստաներ էր այն միտքին մեջ, որ ուրիշ տեղեր, գլխավորապես Եվրոպայի մեջ, այդ անարդարությունները վերցած են, թե այնտեղ ամեն մարդ տերն է իր մարդկային իրավունքներուն, որոնք կպաշտպանվեին օրենքով։

Այդ համոզումը դարձեր էր Խաչիկին ներքին հարստությունը։ Ամեն անգամ, որ որևէ ապօրինություն վիրավորեր իր զգացումները, կմխիթարվեր մտածելով, որ կա աշխարհ մը, ուր այդ բաները իսպառ վերացած են։ Անիկա իրական տվյալներ չուներ փաստելու համար իր այդ համոզումը, բայց երբեք չէր զիջեր այդ համոզմունքեն։ Արդար և ներդաշնակ կյանքի այդ իդեալականացած ըմբռնումը Խաչիկին կներշնչեր անսահման հիացում և սեր դեպի եվրոպացիները։ Անիկա ճանչցեր էր իտալացիներ, որոնք արհեստավորներ էին, կոշկակար, քարտաշ, որմնադիր, որմնանկարիչ և այլն, և նաև ֆրանսիացի ուսուցիչ մը։ Սրճարանի կամ գարեջրատան մեջ, երբ անոնցմե մեկուն հանդիպեր, անբավ, բայց լուռ գոհունակությամբ սեղանակից կըլլար անոնց։