Կհրամցներ ամենեն թանկ բաները և միշտ ինքը կվճարեր։ Եվ դեռ երախտապարտ կմնար, որ եվրոպացիները, իսկական ֆրենկներ, կբարեհաճին ընդունիլ իրեն հյուրասիրությունը։
— Գեոնյուլսիզ մարզիկներ են,— կմտածեր հիացումով։
Խաչիկի ընկերներն առավել կամ նվազ չափով կբաժնեին այս հիացումը, բայց մանավանդ, վարկ կընեին Խաչիկին և կխորհեին, որ չէր կրնար անիկա անիրավացի ըլլալ։
Եվ ինչպե՞ս վարկ չընեին Խաչիկին, որ այնչափ կարեկից էր իր ընկերներու հանդեպ։ Անիկա կտեղեկանար ամեն մեկուն ընտանեկան և անձնական դժվարություններուն և կհարթեր անոնք, երբեմն անձնական զոհողություններով։ Հիվանդության, Ժամանակավոր անգործության և այլ նման պարագաներու ,աստծո պես կհասներ», կըսեին ընկերները։ Նույնիսկ Արիստաքիի բանվորները, որոնք մեծ մասամբ հույն էին, կվայելեին իր աջակցությունը։ Անիկա իր վաստակածին մեծ մասը կծախսեր դուրսը, առատաձեռնությամբ, ընկերական քեֆերու։ Թույլ չէր տար, որ ուրիշները վճարեն, ըսելով, թե «դուք չոլուխ–չոճուխի տեր էք»։ Երբ մասնավոր գործ մը ըներ, ինչ որ երբեմն կպատահեր, և բացառիկ գումար մը ձեռք անցուներ, ընկերներն անմիջապես կհասկնային։
— Բարպային ձեռքը կքերվի կոր,— կըսեին,— կերևի գրպանը փարա մտեր է։
— Անոր վաստակածը հելալ ըլլա,— կըսեին ուրիշները,— թո՛ղ Բարպային քով փարա ըլլա, արևի պես կծաթի, շուրջ բոլորը եղողներն ալ կշքավորվին։
Բայց ինչ որ գլխավորաբար սիրելի կդարձներ Բարպան, այն էր, որ անիկա վերին աստիճանի պարզ մարդ էր։ Հակառակ որ Զարեհ էֆենդին Խաչիկը կհամարեր իր փոխանորդ և անոր կհանձներ, մեծ մասամբ, հաճախորդներու հետ սակարկությունը, դժվար գանձումներ կատարելը, կառաշինության նյութերու գնումները և այլն, Խաչիկը դուրս չէր գար բանվորի վիճակեն։ Անիկա, ամեն առավոտ կանուխ, մյուս աշխատավորներուն հետ կուգար գործատեղին, կհաներ բաճկոնը, շապիկին օձիքը և փողկապը, կկապեր կաշիե գոգնոցը և թևեըը մինչև արմունկը սոթտած, կսկսեր աշխատիլ։