— Բարպա Խաչիկը, եթե ուզեր, տուն-տեղի տեր կըլլար, բանքան փարա կունենար, աղայի պես կապրեր,— կըսեին արհեստավորները,— բայց անիկա ճակտի քրտինքով վաստակածեն դուրս փարա չի ճանչնար։
Բարպայի ամենեն սրտակից ընկերը Վասիլն էր, բայց և անոր հետ է, որ կունենար լուրջ վեճեր։ Վասիլը անվերջ ծրագիրներ կորոճար, որոնք կուզեր անմիջապես գործադրության դնել, և երբ դիմադրության հանդիպեր, կկատաղեր և կհարձակեր ընկերներուն վրա՝ հայհոյելով։ Բարպայի ծանրախոհ երևույթը միայն կզսպեր դյուրաբորբոք Վասիլը, որ երբեմն երկարորեն կխոսեր իր ընկերոջ հետ։ Վասիլը հարաբերության մեջ էր Հունաստանեն, Թրակիայեն և Եպիրոսեն եկած բանվորներու հետ, որոնք արհեստակցական կազմակերպչական գաղափարներ բերեր էին իրենց տեղերեն։
Բարպան հաճույքով, զարմացումով և երբեմն նույնիսկ հիացումով կլսեր բանվորական պայքարի, գործադուլներու, արհեստակցական միություններու կատարած դերը և այլ այս կարգի պատմություններ, բայց երբ Վասիլը կառաջարկեր Բարպային՝ միասին աշխատիլ համոզելու արհեստավորները, որ նման կազմակերսլություններ ստեղծեն, Բարպան կընկրկեր գործնական քայլ առնելու. անիկա, կարծես թե, ներքին անանցանելի արգելքի մը կհանդիպեր։
— Վասի՛լ,— կըսեր, գլուխը շարժելով տարակույսով,— ասոր, աստեղին Թուրքիա կըսեն, աստեղ Եվրոպա չէ։
— Ըսել է՝ մենք հայվան ծներ ենք, հայվան ալ պիտի մնանք,— կառարկեր Վասիլը բուռն զայրույթով։
— Չէ՚, օղլում, ո՛չ հայվան ենք, ո՛չ ալ հայվան կմնանք, բայց ամեն բանի ժամանակը կա,— կըսեր Խաչիկն առանց այլայլելու։
— Էհ, դուն ալ սպասե, որ տանձը ծառեն բերնիդ մեջ իյնա, կոթն ալ վեր։
Վասիլը չէր հասկնար, թե ուրկե՞ կբխեր Բարպայի այդ դիմադրությունը։ Եթե խորհեր, որ Բարպան կզգուշանա վտանգի ենթարկվելու, բագմաթիվ փաստեր կային ապացուցող, որ Բարպան քաջասիրտ մարդ էր։ Նույնիսկ համիդյան դաժան օրերուն անիկա իր անձը վտանգի դնելով փրկեր էր