նպատակեն կշեղեր։ Այդպիսի ընկերակցություն մը պետք էր, որ ազատորեն ծավալեր և ընդգրկեր որքան կարելի է մեծ թվով աշխատավորներ, որպեսզի հարկ եղած ժամանակ միանային ընդհանուրին նեղող խնդիրներու վրա և ուժ կազմեին։ Ինչ կվերաբերեր փոխադարձ նյութական օգնության, այդ փաստորեն տեղի կունենար արդեն, գոնե իրենց արհեստանոցներուն մեջ։
— Փա՜ռք աստծո,— ըսեր էր Բարպան,— դեռ մեզմե ոչ մեկը պետք ունեցած օրը անօգնական չէ մնացած։
Բայց Վասիլը կպնդեր, թե խնդիրը նյութական օգնությունը չէր միայն, այլ անհրաժեշտությունը՝ կազմակերպված կերպով պաշտպանվելու գործատերերու կամայականությանց դեմ։
— Այսօր Բարպա մը ունինք,— կըսեր ան,— որ կրնա իր խոսքը քալեցնել տալ, մերինն ալ չի համարձակիր դեմ երթալ մեր կամքին, որովհետև կվախնա, որ Ճիզվիտին աշխատանոցը կանցնինք, բայց ամեն ատեն և ամեն տեղ Բարպաներ չեն ըլլար։
Բարպան առարկեր էր, որ եթե գործատերերը տեսնեն, որ իրենց շահերը լուրջ կերպով կվտանգվին, դիտումնավոր կերպով քաղաքական բնույթ կուտան արհեստավորներու գործին և կմատնեն կառավարության։
Ատաղձագործ Ղուկասը, որ ներկա եղեր էր խոսակցության, ըսեր էր.
— Հելբեթ դե կմատնեն․․․ գործատերերը և կառավարությունն իրարու լեզու կհասկնան, շունը շունին միսը չուտեր։
— Ծո՛, թող Ճիզվիտը կամ Դըրջանը համարձակի մեզ մատնել կառավարության,— ըսեր էր Վասիլը զայրույթով,— անոնց լեշը կփռեն, շան պես կսատկացնեն․․․
Բարպան այդ կարծիքին չէր. իհարկե, կային տեռորիստներ, որ հակառակ բռնապետության կազմակերպած ոստիկանական և լրտեսական խիտ ցանցին, երբեմն օր–ցերեկով կսատկացնեին մատնիչները, բայց անոնց հրամայողները մատ-մատի չէին զարներ արհեստավորներու համար։ Մանավանդ որ գործատերերը գաղտնի կապեր ունեին կոմիտաճիներու հետ, որոնց դրամ կուտային, կամ թե՝ երբ պետքը