զգային, կուտային։ Սկյուտարի օրինակը բավական էր. յազմաճիներու կազմակերպութենեն վնասվողներեն մեկն ալ կոմիտաճի էր. անիկա հանգիստ տունը նստած էր, մինչդեռ էսնաֆին գլուխը կանգնողը անհայտ կորած էր։
— Ասոնք մտածելիք, կշռելիք բաներ են,— ըսեր էր Բարպան։
Վասիլն այն կարծիքեն էր նաև, որ Սկյուտարի յազմաճիները քաջությամբ նետվեր էին գործի մեջ՝ ծայրահեղ կարիքե մղված, իսկ երկաթագործները, մանավանդ Բերայի մեջ, բարեկեցիկ էին, և իրենց կաշիեն դուրս չէին ելլեր։
— Մենք անոնց հետ բաղդատմամբ վյուքելա ենք,— ըսեր էր Վասիլը,— բայց արվարձաններու մեջ կան նույնպես չքավոր երկաթագործներ, դարբիններ, պայտարներ, դուն ատ շատ լավ գիտես, Բարպա՛։
— Այո՛, գիտեմ․․․ ան ալ գիտեմ, որ անոնք խեղճուկրակ, իրենց շուքերեն վախցող մարդիկ են։ Մարդուս փորը կուշտ, կռնակը տաք պիտի ըլլա, որ գլուխը բարձր պահե։
— Հապա ինչպե՞ս կըլլա, որ չքավոր յազմաճիները գլուխ տնկեցին։
— Անոնք ուրիշ։ Անոնց մեջ էրիկ-կնիկ կաշխատին, հեմ ալ շատվոր են։
Վասիլը օրերով մտածեր էր, թե ինչո՞ւ յազմաճիներն այդպիսի փորձանքի հանդիպեցան, մինչդեռ մաքսատան և նավահանգստի բեռնակիրները, որ շատ ավելի լուրջ կազմակերպություն ունեին, գեշ-աղեկ կդիմանային։ Ի՞նչ էր պատճառը։ Որովհետև անկարելի էր անոնց կազմակերպությունը նման կասկածի ենթարկել, քանի որ բեռնակիրներուն մեջ թուրքեր և քուրդեր ալ կային։
Այդ մասին կխոսակցեին, երբ Ղուկասն առարկեց.
— Գացեք, տեսեք, քանի՞ հայ բեռնակիր մնացեր է նավահանգիստը։ Անոնք քշվեցան․․․ քշվեցան․․․ Անատոլու և տեղ չհասան։ Գալով թուրք էլբաշիներուն, անոնց ալ խաթրը գացեք հարցուցեք Սարայ-Բուրնիի ձուկերուն։ Չէ՛, ի՞նչ է, նստած տեղերնիդ բելա կուզե՞ք կոր բանալ մեր գլխին։
Բայց Վասիլը գացեր էր Ոսկեղջյուրի թաղերը, ուր աշխատեր էր Բերա գալե առաջ և ուր թուրք արհեստավորներ