Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որուն նշանակությունը հասկցավ Վասիլը, զինքը ավելի կատղեցուց, բայց անիկա ինքզինքը զսպեց և ջանաց իր միտքը հայտնել.

— Այստեղ բան մը կա, որ կզգամ կոր, բայց չեմ կրնար կոր բացատրել։ Չեմ կրնար կոր, որովհետև ես ալ թելը չեմ գտած։

Անիկա պահ մը մտախոհ մնաց և հետո ըսավ ուղղակի Բարպային դիմելով.

— Որ մեմլեքեթն՝ ալ որ երթաս, աշխատող մարդոց թիվը մեկի դեմ հազար է․․․ որ էսնաֆին մեձ ալ ըլլա, ինչ ցեղե մարդիկ ալ որ ըլլան, աշխատող, հելալ վաստակով ապրող մարդոց ուզածն ալ մեկ է, ցավերն ալ մեկ են, հոգերն ալ մեկ են, մենք ի՞նչ կուզենք կոր աս աշխարհեն, մեր արդար իրավունքը․․․ աս ինտոր կրլլա որ անկարելի է իրավունքը ձեռք բերել։

— Ատպես բան չի կա, — ըսավ անիկա, պահ մը լռութենե ետքը, խոր համոզումով,— ամբողջ խնդիրն ան է, որ ատ հազարները միանան․․․ Բայց ինչպե՞ս, ատ է, որ չեմ գտնար կոր։ Ա՜խ, մեյ մը գտնեի, հաստատ գիտնայի, թե ինչպե՞ս կրնաք խոսք հասկացնել ամենուն․․․

— Էսնաֆություն,— բացականչեց Ղուկասը հակառակ իրեն, ոգևորվելով Վասիլի խոսքերեն։

— Դուն մեյ մը հաշիվ ըլավ,— Վասիլը՝ կրկին ուղղվելով Բարպային,— հազարներ ու հազարներ, որ ոտքի ելլեն, ո՞վ կդիմանա․․․ մեկ սուլթանն սպանելով ի՞նչ կըլլա․․․ մենք անոնց սոյը֊սոփը կսրբենք աշխարհես։

— Ատ մեկ ըսածդ ճիշտ է,— ըսավ Ղուկասը լրջությամբ,— էսնաֆություն թող ըլլար, Ճիզվիտի, Դըրջանի պես մարդիկը մուկ կդառնային. անոնց ասօրվան հիյեթին մի նայիք, քեոպեկսիզ քեոյ բուլմուշլար, դեյնեկսիզ կեզիյորլար[1]։ Վասիլը ընդոստ դարձավ դեպի Ղուկասը և համակրանքով ժպտեցավ անոր։

  1. Առանց շունի գյուղ են գտել, առանց փայտի ման են գալիս։